Նավուր համայնքի նորակառույց ամբուլատորիան արդեն իսկ սպասարկել է 120 բնակչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նավուր համայնքի առողջության առաջնային պահպանման նորակառույց կենտրոնը մեկամսյա գործունեության ընթացքում ամբուլատոր բժշկական ծառայություն է մատուցել 120 բնակչի: ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կառուցված ամբուլատորիան սպասարկում է  Տավուշի մարզի  Բերդի տարածաշրջանի Նավուր, Չինչին և Իծաքար համայնքների գրեթե 1970 բնակչի: Կենտրոնի տնօրեն Գայանե Գևորգյանի խոսքով`ամբուլատորիայի շահագործումից անմիջապես հետո ակտիվորեն սկսել են իրականացվել սոցփաթեթի շահառուների բժշկական զննության աշխատանքները: Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվում են նաև դպրոցահասակ երեխաների անհրաժեշտ բժշկական հետազոտությունները` կապված քաշի, հասակի, տեսողոթյան հետ: Այստեղ կատարվում են նաև 6 տարեկան երեխաների համար նախատեսված պատվաստումները:

Նշենք, որ ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի արդիականացման արդյունքում 2014 թվականին Նավուրի համայնքն ընդգրկվել է Համաշխարհային բանկի հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրում: Եվ, քանի որ տվյալ տարածքում հին ամբուլատորիայի շենքի վերակառուցումը նպատակահարմար չէր, ուստի որոշվել էր հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք: ՀՀ առողջապահության նախարարության անմիջական աջակցությամբ նորակառույց ամբուլատորիան համալրվել է սառնարանով, ինչի բացակայությունը նախկինում դեղերի պահպանման խնդիրներ էր առաջացնում: Նավուր գյուղի բնակիչների գնահատմամբ` ամբուլատորիայի կառուցումը մեծ նշանակություն ունի իրենց համայնքի համար:

 




Լրահոս