Յունիբանկը հաջողությամբ ավարտեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է «Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության աջակցությամբ, որը հանդիսանում է սերտիֆիկացման ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը: Այսօր ընկերության ներկայացուցիչները Յունիբանկին հանձնեցին ISO 27001:2013 ստանդարտին համապատասխանության հավաստագիր:
Տեղեկատվական անվտանգության ապահովումը մշտապես եղել է Յունիբանկի ուշադրության կենտրոնում: ISO 27001:2013 ստանդարտը ևս մեկ քայլ է կառավարման գործընթացների արդյունավետության և տեղեկատվական համակարգերի անվտանգության բարձրացման ուղղությամբ:
Ինչպես նշեց Յունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն-Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ղեկավար Լուսինե Սիմոնյանը, ISO 27001:2013 ստանդարտը ենթադրում է տեղեկատվական անվտանգության կառավարման ներդրում, այդ թվում` անընդհատության ապահովում բոլոր բիզնես գործընթացներում: Այդ նպատակով բանկը ստեղծել է պահուստային տարածք և տեղեկատվական համակարգեր: «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը ընդհանուր կառավարման համակարգի մաս է, որը հիմնված է բիզնես ռիսկերի գնահատման վրա և ստեղծված է տեղեկատվական անվտանգության մեխանիզմների մշակման, ներդրման, մշտադիտարկման և բարելավման նպատակով: Այս ստանդարտն ուղղված է տեղեկատվության գաղտնիության մակարդակի բարձրացմանը, ամբողջականության և հասանելիության ապահովմանը», – ընդգծեց Լ.Սիմոնյանը:
«Բյուրո Վերիտաս» ընկերության տարածքային զարգացման ղեկավար Ստեփան Բարաքիանի խոսքով, ISO 27001:2013 ստանդարտի հավաստագիրը փաստում է, որ տեղեկատվական ռիսկերը Յունիբանկում արդյունավետ կառավարվում և վերահսկվում են: «Ծրագիրը հաջողությամբ իրականացվեց և վստահ եմ, որ այն շարունակելու է արդյունավետ գործել հետագայում ևս: Յունիբանկի հետ մեր հաջող համագործակցության հիմքում բանկի արհեստավարժ անձնակազմի հետևողական աշխատանքն է: ISO 27001:2013 սերտիֆիկացումը վկայում է բանկի հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի և բանկի հանդեպ վստահության բարձրացման, տվյալների մշակման և վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավման մասին: Այն կնպաստի նաև արտաքին շուկայում բանկի միջազգային ճանաչման էլ ավելի բարձրացմանը», – նշեց Ս. Բարաքիանը:
ISO 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիրը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի: