Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց հավանության արժանացնել «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին» համաձայնագիրը:
Նախագիծը կառավարության ուշադրությանը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա հավելեց, որ նախագիծը բոլոր գերատեսչությունների կողմից դրական եզրակացություն է ստացել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հետաքրքրվեց, թե քանի՞ երկրում ՀՀ-ն իր առևտրային ներկայացուցիչն ունի, իսկ Ճշմարիտյանը պատասխանեց, որ ներկայացուցչություններ կան Բրյուսելում, Վաշինգտոնում, Մոսկվայում:
«Այլ երկրների դեսպաններին տեսնում ենք, թե ինչ են անում: Ամբողջ օրը գնում են կառավարություն, նախարարություններ իրենց երկրներում տնտեսությունն աշխուժացնելու համար: Դրա համար հարկավոր է գոնե մեկ անգամ հասկանանք՝ այս մարդիկ ինչ-որ բանով օգնո՞ւմ են մեզ»,- հարցրեց Աբրահամյանը:
Ճշմարիտյանը պատասխանեց, որ ակտիվ գործունեություն է ծավալում Մոսկվայի ներկայացուցչությունը, սակայն ԱՄՆ-ում հաստիքը կա, բայց թափուր է, և ներկայացուցիչ չկա: «Եթե հաստիք չկա, չե՞նք ֆինանսավորում»,- հետաքրքրվեց վարչապետը: Իսկ Ճշմարիտյանն էլ պատասխանեց, որ հաստիք չլինելու դեպքում վճարումը չի կատարվում: