Կառավարության շահերից է բխում կարգավորել վառելիքի շուկայի վիճակը. Արամ Սարգսյանը` Հովիկ Աբրահամյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահության անունից Արամ Սարգսյանը դիմում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Դիմումի մեջ ասվում է.

«Հարգարժան պարոն վարչապետ, դիմում ենք Ձեզ հանրապետության բնակչության համար կենսական նշանակության ևս մեկ հարցի վերաբերյալ:

Այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառներից մեկը հայաստանյան շուկայում նավթամթերքի գների անհամաչափ և տնտեսապես չհիմնավորված բարձր գինն է, կասկած չի հարուցում: Փորձագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2014թ. հունվարից, երբ Ռուսաստանը սկսեց Հայաստանին մատակարարել գազ և նավթամթերք նախատեսվածից 30 տոկոս ցածր գնով, նրա բյուջեն տարեկան կտրվածքով զրկվեց համապատասխանաբար 104 և 48 մլն. դոլարից, Հայաստանի շուկայում ոչ բնական գազը և ոչ էլ նավթամթերքը, հատկապես՝ բենզինն ու դիզվառելիքը գնի իջեցում չարձանագրեցին:

Ավելին, երբ նավթի գինը համաշխարհային շուկայում 115 դոլարից իջավ մինչև 45-50 դոլար, Հայաստանի շուկան կրկին խուլ և կույր մնաց գների այդ լրջագույն տատանումների հանդեպ: Անգամ պարզ տրամաբանության թելադրմամբ, վառելիքի, հատկապես՝ բենզինի գինը պետք է որ կազմեր առնվազն 250-300 դրամի չափ՝ այսօրվա 430-500 դրամի փոխարեն: Արդյոք պատկան մարմինները հետաքրքրվեցի՞ն, թե՞ ում գրպանն է լցվում առաջացող գերշահույթը: Արդյոք Ձեզ` պարոն վարչապետ, չի՞ մտահոգում այն փաստը, որ միայն վառելիքի գնի իջեցման հաշվին տնտեսությունը իրական աշխուժություն կապրեր, իսկ բնակչությունը վերջապես կտեսներ գների անկում:

Օրինակ, գյուղատնտեսության բնագավառում ջրի և վառելիքի գինը մեծ տեսակարար կշիռ է կազմում արտադրանքի ինքնարժեքի մեջ: Վառելիքի՝ 150 դրամից ոչ պակաս իջեցումը հնարավորություն կտար հողը մշակողին անհամեմատ ավելի մեծ հողակտորներ մշակել, հետևաբար ավելի առատ բերք ստանալ և դրանով իսկ իջեցնել գյուղմթերքի ինքնարժեքը: Հասկանալի է, որ եկամուտների ավելացումն էլ իր հերթին լրջագույնս կշտկեր գյուղաբնակի սոցիալական վիճակը:

Նույնը կարելի է ասել նաև արդյունաբերության ոլորտի աշխատողների մասին, ուր  վառելիքի գնի իջեցումը բարերար ազդեցություն կունենար հումքի և փոխադրամիջոցների ինքնարժեքի վրա:

Ի դեպ, այն, որ վառելիքի շուկայում փաստացի մենաշնորհն է թելադրում  գները, կասկածից վեր է, ինչը հաստատվում է վառելիքի լցակայանների միանման գներով: Իսկ այն բոլոր ծիծաղ առաջացնող «փաստարկները», թե գները չեն իջնում, որովհետև նախօրոք մեծաքանակ պաշարներ են գնվել, բացարձակ դեմագոգիա է, քանի որ մեկ ու կես տարով այդպիսի քանակությամբ վառելիք միանգամից Հայաստան չի բերվում: Առավել ևս, որ բիզնեսի շահից բխում է միայն ու միայն էժան ապրանք ձեռք բերելը:

Դիմելով Ձեզ` գտնում ենք, որ ՀՀ կառավարության շահերից է բխում անհապաղ և համապատասխան գործողություններով կարգավորելու վառելիքի շուկայի վիճակը:

Եթե կառավարությունը շուկայում առկա չարաշահումները բացահայտելու օպերատիվ միջոցներ չձեռնարկի և իրավապահ մարմիններին չհանձնարարի ստուգել և պատժել նման վիճակ ստեղծողներին, ապա մենք այն կգնահատենք որպես իշխանության անկարողություն կամ չկամություն և հասարակայնությանը դեկլարատիվ հայտարարություններով սնում: Մենք չէ, որ կառավարությանը պետք է մատնանշեինք առնվազն մեկուկես տարի գոյություն ունեցող, մեղմ ասած, անբնական վիճակը, որ տիրում է վառելիքի շուկայում, ինչը արդարացի վրդովմունք է առաջացնում հասարակության շրջանում:

Ակնկալում ենք Ձեր համապատասխան արագ արձագանքը»:




Լրահոս