Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանի Բաքու մեկնելու և մուտքի անցագիր ստանալու առնչությամբ պարզաբանումներ է արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Haqqin.az-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտել է, որ սպորտը չպետք է խառնել քաղաքականության հետ:
«Մասնակցելով նմանատիպ խաղերի, պետությունները հանդես են գալիս ՈւԵՖԱ-ի կանոններով և դրանց հիման վրա են խաղեր անցկացնում իրենց երկրների տարածքում: ֆուտբոլի բնութագրիչներից մեկն էլ այն է, որ խաղը թիմային է և այն ընկալվում է ոչ թե անհատական այլ թիմային բնույթի: ««Դորտմունդի Բորուսիա» ֆուտբոլային ակումբի այցն Ադրբեջան ընկալվում է ոչ թե անհատական, այլ թիմի այցելության տեսանկյունից, և, չնայած սպորտի և քաղաքականության միջև եղած ընդհանուր եզրերին, Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ սպորտը չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով: Ինչ վերաբերում է անցանկալի անձանց ցանկին, այստեղ յուրաքանչյուր դեպք քննարկվում է անհատական սկզբունքով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 28-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ուժերը կչափի ադրբեջանական «Գաբալա»-ի հետ: Վիճակահանությունից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ հայ ֆուտբոլիստը կարող է Ադրբեջանի կողմից վիզա չստանալ: Լուրեր եղան այն մասին, որ Բաքվում Ադրբեջանի իշխանությունները կարող են ձերբակալել Մխի թարյանին` իբր այդ երկրի տարածքն «ապօրինի» հատելու մեղադրանքով:
Դորտմունդի «Բորուսիա»-ն հույս էր հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Եվրոպայի լիգայի շրջանակում «Գաբալա»-ի հետ հանդիպմանը մասնակցելու համար Ադրբեջան այցի ժամանակ: Ինչպես փոխանցել էր «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sport1-ն, այդ մասին նշել էր դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղար Սաշա Ֆլիգգեն:
«Ներկա դրությամբ Հենրիխը շատ կարևոր խաղացող է մեզ համար և վերջին շաբաթներին ցույց է տալիս հիանալի խաղ, ուստի, հույս ունենք, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա ԵԼ-ի խաղին մասնակցելիս»,- ասել էր Ֆլիգգեն:
Միաժամանակ, Azerisport-ը գրել էր, որ Մխիթարյանը կարող է ձերբակալվել Ադրբեջանում, եթե գա Բաքու` մասնակցելու «Գաբալա»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի մրցավեճին: «Դրա պատճառ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղ Մխիթարյանի այցելությունը»,- գրել էր ադրբեջանական կայքը:
Ադրբեջանի սև ցուցակում են հայտնվել աշխարհի տարբեր երկրների մի շարք քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, ովքեր այցելել են Արցախ:
ԵԼ խմբային փուլի «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին: