Հավսա՛ր, զգա՛ստ. բոլոր գերատեսչությունների արական սեռի ներկայացուցիչները հինգշաբթի օրը տուն չեն գնա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հինգշաբթի օրվանից` սեպտեմբերի 3-ից, ՀՀ Կառավարության, նախարարությունների եւ մնացած գերատեսչությունների աշխատակազմը, հատկապես արական սեռի ներկայացուցիչները, տուն չեն գնա, կմնան իրենց աշխատատեղերում: Մեր աղբյուրների վկայությամբ՝ այդ օրերին Հայաստանում նախատեսվում է կազմակերպել լայնամասշտաբ զորավարժություններ: Նպատակն այն է, որ գերատեսչությունները զորավարժությունների շրջանակներում սկսեն գործել այնպես, ինչպես կանեին պատերազմական իրավիճակի դեպքում: Տեղեկացնենք, որ կազմակերպվելիք միջոցառումը լայնամասշտաբ է լինելու, եւ ամեն ինչ հնարավորինս մոտեցված է լինելու իրական պատերազմական վիճակին:

Այսինքն՝ այդ օրերին Կառավարության, ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի հատուկ նիստեր կգումարվեն, եւ այլ փակ միջոցառումներ կիրականացվեն: Գերատեսչությունների աշխատակիցների մի մասը, հնարավոր է, աշխատանքի ներկայանան զինվորական համազգեստով եւ այսպես շարունակ: Տարածված տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որը հաստատեց զորավարժություններ անցկացնելու մասին լուրերը՝ միաժամանակ ավելացնելով. «Պետք չէ խուճապի մատնվել, մենք տարվա ընթացքում ունենում ենք պլանային միջոցառումներ, որոնք հնարավորինս արտահայտում են մարտական գործողությունները, նմանեցվում է մարտական իրավիճակին»: Այնպես որ, հավսա՛ր, զգա՛ստ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս