«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Հայաստանի բոլոր դպրոցներում սկսվում է նոր ուսումնական տարին, սակայն բազմաթիվ, հիմնականում լեռնային շրջանների գյուղերում առաջին դասարանցիների համար սեպտեմբերի 1-ի զանգը չի հնչի: Օրինակ՝ ՀՀ Սյունիքի մարզի Աղվանի գյուղը արդեն երեք տարի է, ինչ առաջին դասարանի աշակերտ չի ունենում: «Մի ծվարած դպրոց ունենք՝ իր երեք աշակերտներով: Նախորդ տարի աշակերտների թիվը 7-ն էր, բայց ծնողները տարան գյուղից, իսկ այս երեքի ծնողներին խնդրեցինք, որ պահեն:
Տեսնենք՝ հետո ինչ կլինի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տխուր ձայնով նկարագրեց Աղվանիի գյուղապետ Աշոտ Սուքիասյանը: Դպրոցական զանգը չի հնչի նաեւ Արագածոտնի մարզի Դպրեվանք, Օթեւան, Վայոց Ձորի Փոռ, Սյունիքի մարզի Շրվենանց, Տավրուս, Շիրակի մարզի Կաքավասար, Լեռնագյուղ եւ այլ համայնքներում: Այս իրավիճակը լիարժեք բնութագրում է արտագաղթի կործանարար հետեւանքները: Բայց բարձրաստիճան պաշտոնյաներին ոչինչ չի խանգարի այսօր մայրաքաղաքի շքեղ դպրոցներում ֆոտոսեսիա կազմակերպել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: