«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Աջափնյակ վարչական շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով սպանված 52-ամյա Վահան Աղաջանյանը 2011թ. խարդախության համար 3 տարի ազատազրկման է դատապարտված եղել: Նշենք, որ Վ. Աղաջանյանին սպանել էին իր բնակարանում, իսկ թե ով էր եղել նրան սպանողը, եւ ինչի համար են նրան սպանել, դեռեւս հայտնի չէ:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ 52-ամյա սպանված Վ. Աղաջանյանը դեռեւս 2011թ. հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պարզեցինք, որ 2011 թվականին Վահան Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեության եղանակով Յուրի Բարսեղովի հետ միասին Անահիտ Եգանյանից զգալի չափերով գումար է հափշտակել:
Պարզվում է՝ Ա. Եգանյանը բնակարանի հետ կապված խնդիր է ունեցել եւ դիմել է Կենտրոնի քննչական բաժին: Եվ, ահա, Վ. Աղաջանյանն ու իր ընկերն էլ Անահիտին խոստացել են, թե կարող են քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքը հօգուտ իրեն լուծել: Այդ ծառայության դիմաց Անահիտից վերցրել են 287.384 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար՝ իբր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազին կաշառք տալու պատրվակով եւ անհետացել են:
Իսկ, ահա, սպանված Վ. Աղաջանյանը միանգամայն այլ ցուցմունք էր տվել՝ նշելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Ամբաստանյալը նշել է, որ ինքը Ա. Եգանյանին որպես գեներալ-գնդապետ չի ներկայացել, բնակարանի հարցով նրան խոստումներ չի տվել, գումարներ չի պահանջել եւ չի ստացել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: