Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, տեղեկանում ենք քաղաքապետարանի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից: Ուղերձում մասնավորապեսասվում է.

«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Այսօր մեկնարկում է նոր գիտելիքների ձեռքբերման, նոր արժեքներ ճանաչելու ու արդեն պաշարած գիտելիքները նորովի արժևորելու ևս մեկ տարի: Առանձնակի ջերմությամբ եմ շնորհավորում մայրաքաղաքի բոլոր այն փոքրիկներին, ովքեր այսօր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմին ու նաև այն պատանիներին ու աղջիկներին, ովքեր հաջողությամբ հաղթահարելով քննաշրջանը՝ արդեն որպես ուսանող ոտք են դնելու իրենց նախընտրած ուսումնական հաստատություններ: Բոլոր սովորողներին համբերատար ու հետևողական ուսումնառություն և բարձր առաջադիմություն եմ մաղթում, իսկ մանկավարժներին՝ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ սերունդների կրթության և դաստիարակության դժվարին, բայցև շնորհակալ աշխատանքում: Որակյալ կրթությունը մեր ժողովրդի համար միշտ էլ առաջնային է եղել, ուստի մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին լինի առավել հագեցած և արդյունավետ: Վստահեցնում եմ, որ քաղաքապետարանն իր հերթին անում և անելու է հնարավորը՝ որակյալ կրթության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղությամբ:
Սիրելի՛ դպրոցականներ, ուսման ձեր բարձր առաջադիմությամբ ու հաջողություններով դուք ևս մեկ քայլով ամրապնդելու եք մեր բարեկեցիկ վաղվա օրն ու ձեր ակտիվ և անմիջական մասնակցությունն եք ունենալու մեր երկրի ու մեր սիրելի քաղաքամայր Երևանի կերտման գործում:
Հաջողություններով ու ձեռքբերումներով լի նոր ուսումնական տարի եմ մաղթում բոլորիդ»:




Լրահոս