Մաեստրո Մարչիանոն հայտնվեց Ադրբեջանի «սև ցուցակում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, ապրիլի 24-ին «24/04» համաշխարհային նվագախումբը ղեկավարած իտալացի դիրիժոր, «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոն ընդգրկվել է Ադրբեջանի արտգործնախարարության, այսպես կոչված, «սև ցուցակում»։ Այդ մասին հայտնել է նշված նախարարության մամուլի ծառայության ղեկավարը։

Ադրբեջանական լրատվամիջոցները, մեջբերելով մաեստրո Մարչիանոյի խոսքերն այն մասին, որ ինքը մտավախություն չունի հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում», նշում են, որ «Սահմանի մասին» օրենքի համաձայն՝ ԼՂՀ այցելած անձինք կպատժվեն, անհրաժեշտության դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության։
Հիշեցնենք, որ այսօր Ջանլուկա Մարչիանոն Ստեփանակերտում ներկա է գտնվելու Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային։ Նրան մշակութային այս իրադարձությանը հրավիրել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը։

Օրեր առաջ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, պատասխանելով հայ լրագրողների հարցին՝ Արցախ այցելելով՝ մտավախություն չունի, թե կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում», մաեստրոն պատասխանել էր. «Սեպտեմբերի 1-ին կայանալիք նախագիծը մշակույթի միջոցով խոսում է խաղաղության մասին, և շատ ուրախ եմ մասը կազմել այդ միջոցառման։ Ինձ չեն կարող հետ կանգնեցնել ինչ-որ քաղաքական հարցեր։ Սա հենց այնպիսի մշակութային ծրագիր է, որը կոչ է անում բացել սահմանները, ապրել խաղաղությամբ, և ոչ մի արտիստ, կարծում եմ, նման միջոցառումներից հետ չի կանգնի»։
Ի պատասխան ադրբեջանական հիստերիայի՝ Ջանլուկա Մարչիանոն ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրում է արցախյան իր ուղևորության նկարները։




Լրահոս