ԿՏՐՈՒԿ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել կաթնամթերքի շուկայի գնագոյացումը, մասնավորապես երկու ընկերությունների՝ “Աշտարակ կաթ” ՓԲԸ-ի եւ “Դուստր Մելանյա” (“Մարիաննա”) ՓԲԸ-ի: Նշենք, որ “Աշտարակ կաթ”-ի արտադրատեսակները թանկացել են դեռեւս անցած դեկտեմբերի կեսերից, իսկ “Մարիաննա”-ինը՝ հունվարից: “Աշտարակ կաթ”-ի PR ծառայության աշխատակից Ինեսա Վարդանյանը “Ժողովուրդ”-ին պարզաբանեց, որ հումքի գինը բարձրացել է` հասնելով 138-163 դրամի: Սրա հետ միասին թանկացել է նաեւ վառելիքը, եւ համապատասխանաբար` հումքի ու նաեւ արդեն պատրաստի արտադրանքի փոխադրումը:
“Մենք հիմա շուկայի գնագոյացման ուսումնասիրություն ենք անում, որից հետո հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը, բայց մինչ այդ երկու ընկերություններից  պահանջել ենք համապատասխան տեղեկատվություն ներկայացնել կաթ արտադրող բոլոր ընկերություններից, թե ինչ ծախս են անում վերամշակման կամ ձեռքբերման վրա, որի հիման վրա էլ միաժամանակ կուսումնասիրենք այն: Իհարկե, հանձնաժողովն էլ ունի իր տեղեկատվությունը”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը: 
Դեռեւս ամանորյա տոներից առաջ “Աշտարակ կաթ”-ը 10-20 դրամով բարձրացրել է իր արտադրատեսակների գինը: Այսպես՝ 3.2 տոկոս յուղայնությամբ կեսլիտրանոց տարայով մածունը դեկտեմբերի 3-ին եղել է 240, իսկ դեկտեմբերի 24-ին` 255 դրամ, որը պահպանվել է մինչ այսօր: Իսկ 200-գրամանոց կաթնաշոռը դեկտեմբերի 3-ին 350 դրամ է եղել, իսկ դեկտեմբերի 24-ին՝  370: 18-տոկոսանոց յուղայնությամբ թթվասերը դեկտեմբերի 3-ին եղել է 199 դրամ, իսկ դեկտեմբերի 24-ից` 215:
“Պահանջել ենք տեղեկատվություն ներկայացնել՝ գների փոփոխման հետ կապված, իրենց համապատասխան հիմնավորումներով: Նրանք նախնական պարզաբանել են, թե գյուղացին է բարձրացրել կաթի ինքնարժեքը, այսինքն` կաթն ավելի թանկ գնով են ձեռք բերում: Հիմա գնագոյացման ուսումնասիրություն է իրականացվում ընկերությունում` պարզելու, թե  ինչպես է գոյանում տվյալ կաթնամթերքի գինը, այսինքն` հիմնական կաթի ձեռքբերումից մինչեւ վերամշակման ավարտ: Մի բան է, թե իրենք ինչ են ներկայացնում, մեկ այլ բան, թե մեր ուսումնասիրությունների արդյունքում ինչ կպարզվի”,-բացատրեց Գ. Սահակյանը:
Նրա խոսքով, եթե մի ընկերություն թանկացնում է իր արտադրանքը, ապա այդ դեպքում անպայման ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է ընդհանուր շուկան` պարզելու, թե ինչ վիճակ է այնտեղ. “Քանի որ “Աշտարակ կաթ”-ը եւ “Դուստր Մելանյա”-ն (“Մարիաննա”) կաթնամթերքի արտադրության ոլորտում գերիշխող դիրք ունեցող խոշոր ընկերություններ են համարվում, այդ պատճառով էլ հայտնվել են ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում”:
Եթե ուսումնասիրության ընթացքում պարզվի, որ գինը անհիմն է բարձրացվել, հանձնաժողովը համարժեք պատասխանատվության միջոց կկիրառի ընկերությունների նկատմամբ. “Եթե ընկերությունը անհիմն կերպով գին է բարձրացրել, ապա դա մրցակցային օրենսդրության խախտում է համարվում”:
“Աշտարակ կաթ” ընկերության PR ծառայության աշխատակից Ինեսա Վարդանյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ներկայացրեց թանկացումների հետեւյալ պատճառաբանությունները.  “Առաջնորդվելով նախ եւ առաջ սպառողի շահերը վեր դասելու իր սկզբունքով` “Աշտարակ կաթ”-ը շուկայում վերջին տարիներին ընդհանուր գնաճի պայմաններում հնարավորինս փորձել է մեղմել իր արտադրատեսականու գնային փոփոխությունները, ինչը հիմնականում պայմանավորված է կաթնամթերքի հումքի գների բարձրացմամբ: 
Մասնավորապես 2002-2010թթ. մթերվող կաթի գինն արժեցել է 100-115 դրամ, իսկ արդեն 2011-2012թթ. հումքի գինը բարձրացել է` հասնելով 138-163 դրամի: Սրա հետ միասին թանկացել է նաեւ վառելիքը, եւ համապատասխանաբար հումքի ու նաեւ արդեն պատրաստի արտադրանքի փոխադրումը. իսկ ինչպես բոլորին է հայտնի, “Աշտարակ կաթ”-ը հիմնականում իր միջոցներով է տեղափոխում գյուղացիական տնտեսություններից մթերված կաթը` անկախ բնակավայրի հեռավորությունիցե:
“Աշտարակ կաթ”-ի ներկայացուցչի խոսքով՝ այս ամենով հանդերձ, կաթնամթերքի գնաճը կազմում է ընդամենը 4-7%, ինչը նկատելիորեն զիջում է ընդհանուր պարենային շուկայում գրանցված թանկացմանը: “Ցանկացած ապրանքի գնագոյացում թելադրում է սպառողական շուկան, եւ ապագայի համար ոչ ոք չի կարող ճշգրիտ կանխատեսումներ անել այս կամ այն ապրանքի գնի փոփոխության վերաբերյալ: Եվ “Աշտարակ կաթ”-ն իր շուրջ 18-ամյա գործունեության ընքացքում առաջնորդվել է՝ առաջին հերթին հաշվի առնելով սպառողների շահերը: Տարիներ շարունակ ընկերությունը փորձել է գնային ցանկացած կտրուկ փոփոխություն հնարավորինս կարգավորել իր ներքին ռեսուրսների, իսկ երբեմն նաեւ իր շահույթի հաշվին եւ այդ մոտեցմանը հավատարիմ է նաեւ հիմա: Առաջնորդվելով այս սկզբունքով` հետագայում էլ “Աշտարակ կաթ”-ն իր ապրանքատեսականու գները որոշելու է` առաջին հերթին հաշվի առնելով սպառողի շահերը”,-հավաստիացրեց Ի. Վարդանյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 474 համար




Լրահոս