Սեպտեմբերին նախատեսվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան, որի ժամանակ Չինաստանի վարչապետի հետ կքննարկվեն Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հետ կապված մի շարք հարցեր: Նշենք, որ կառուցումն ամենայն հավանականությամբ կիրականացնի չինական ընկերությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը նշեց, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարի, փոխնախարարի մակարդակով:
«Քննարկումներ, հանդիպումներ եղել են: Աշխատանքային այց է լինելու, և ես Չինաստանի վարչապետի հետ քննարկելու եմ այդ հարցը: Կոնկրետ առաջարկներ, մոտեցումներ եմ ներկայացնելու: Առաջարկներ են լինելու նաև այն ընկերությանը, որը կառուցելու է երկաթգիծը: Դա մեր տնտեսության համար շատ կարևոր գործընթաց է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողների բարձրացրած հարցերին, թե ինչու է Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել վարչապետն ասաց. «Տարածաշրջանային մակարդակով ՀՀ-ն գտնվում է բարվոք լավ վիճակում: Երեկ ես հայտարարեցի Վիճակագրական ծառայության կողմից տարածած թվերը: Կիսամյակային տվյալներով 4 տոկոս տնտեսական աճ ունենք: Եթե նայենք Բելառուսին, ապա այնտեղ տնտեսական անկում կա, նույնը Ռուսաստանում, Ղազախստանում: Իհարկե դա մեզ չի բավարարում: Իսկ ժողովրդի սոցիալական վիճակի մասով, չի կարող 4 կամ 5 տոկոս տնտեսական աճը միանգամից երևալ»,- հավելեց վարչապետը:
Մանրամասները Armlur.am-ի տեսանյութում