ՄՏՔԱՓՈԽԱՎՏԱՆԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը երեկ հայտարարել է, թե Պարույր Հայրիկյանի ձեռքի ցավն ուժեղացել է եւ կախված նրա առողջական վիճակից եւ մի քանի այլ հանգամանքից՝  չի բացառվում, որ Հայրիկյանը փոխի Սահմանադրական դատարան չդիմելու իր որոշումը: Ասել է թե` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու հարցը դեռեւս փակված չի կարելի համարել: Հայրիկյանի ներկայացուցչի խոսքով` իրենք վերջնական որոշում կկայացնեն մինչեւ փետրվարի 10-ը: Ինչ խոսք, առողջական վիճակի վատացումը միանգամայն հարգելի պատճառ է, սակայն այն  այդքան էլ արժանահավատ չի կարող համարվել, քանի որ ակնհայտ է, որ ՍԴ դիմելու որոշումը կայացնելուց առաջ Հայրիկյանը պետք է որ խորհրդակցած լիներ բժիշկների հետ եւ իր առողջական վիճակի հետ կապված ամենատարբեր զարգացումները աչքի առաջ ունենալով կայացներ այդ որոշումը: Ասել է թե` նրա թեւի վրա գոյացած հեմատոման եւ վնասված նյարդը, ինչի մասին երեկ ասել է Եղնուկյանը, չէին կարող բժիշկների համար անակնկալ լինել: Հետեւաբար, կա՛մ Հայրիկյանը գերագնահատել է սեփական ուժերը, կա՛մ էլ դա ի սկզբանե նրա կողմից հաշվարկված տարբերակ է եղել: Ամեն դեպքում, ՍԴ դիմելու որոշումը փոխելու երեկվա հայտարարությունից հետո արդեն իսկ  շատերը տեսակետ են հնչեցնում, որ դա պայմանավորված է իշխանությունների կողմից Հայրիկյանին տված ինչ-ինչ խոստումների խախտմամբ: Սակայն չի կարելի բացառել նաեւ այն տարբերակը, որ Հայրիկյանն այդպիսով ցանկանում է քաղել հնարավոր առավելագույնը` քաղաքական զարգացումների  ընթացքը տնօրինելու հնարավորությունը եւս մի քանի օր իր ձեռքում պահելով եւ հանրային ուշադրությունը  սեւեռելով իր վրա: Ընդ որում, պետք է նշել, որ դրանում որեւէ  պարսավելի բան չկա, ի վերջո ընտրապայքար է, եւ դրա ընթացքում սեփական վարկանիշը բարձրացնելու յուրաքանչյուր քաղտեխնոլոգիա էլ կարելի է ընդունելի համարել: Եթե իհարկե, այն չի հատում օրինականության եզրը: Սակայն Հայրիկյանի մտափոխությունը կարող է  պայմանավորված լինել նաեւ մեկ այլ հանգամանքով, որն իր մեջ ներառում է վերը նշված երկու տարբերակներն էլ, բայց  ծառայում է բոլորովին այլ նպատակի: Բանն այն է, որ ՍԴ դիմելու հարցը բաց պահելով մինչեւ փետրվարի 10-ը` Հայրիկյանն այդպիսով ոչ միայն սեփական վարկանիշի հարցն է լուծում, ոչ միայն իշխանություններին ստիպում է իրեն տրված հնարավոր խոստումները իրագործել (սոցիալական կայքերում մենկաբանություններ են շրջանառվում Հայրիկյանին տրված  նախարարական  պաշտոնի եւ նյութական բնույթի խոստումների մասին), այլեւ  իշխանություններին ապահովագրում է մյուս թեկնածուներից որեւէ մեկի կողմից անցանկալի քայլեր կատարելու հեռանկարից: Եթե մինչ այդ թեկնածուներից Վարդան Սեդրակյանը, օրինակ, չէր բացառում, որ  կդիմի ՍԴ, ապա հիմա, բնականաբար, բոլորը կսպասեն, թե ինչ է որոշում Հայրիկյանը, ու նոր կդիտարկեն սեփական քայլերի արդյունավետությունը: Դե իսկ փետրվարի 10-ին էլ ոչինչ չի խանգարում ասել, որ որոշման կայացումը հետաձգվում է եւս երկու-երեք օրով, եւ այդպես` մինչեւ ընտրությունների բուն օրը:




Լրահոս