Armlur.am-ն արդեն հայտնել է, որ օգոստոսի 28-ի երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային մասի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Վարդան Գևորգյանը, ով մինչ բուժօգնություն ցույց տալը մահացել է:
Հայտնի է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Հարուցված քրեական գործի շրջանակներում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով 2015թ. օգոստոսի 28-ին ձերբակալվել է Կուրթան գյուղի բնակիչ 22-ամյա Սեյրան Գևորգյանը: Նա խոստովանել է, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գևորգյանին: Ս.Գևորգյանին պատկանող «Օպել Աստրա 2.0Ի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նախաքննությունը շարունակվում է:
Armlur.am-ին տեղեկություններ են հասել, որ օրերս անհայտ անձինք այրել են սպանության մեջ մեղադրվող Սեյրան Գևորգյանի ընտանիքին պատկանող անասնագոմը: Գյուղում լուրեր են շրջանառվում, թե կատարվածը դեռևս շատ ջուր կքաշի, հաշվեհարդարներն անխուսափելի են, իրադարձություններն անկանխատեսելի կերպով կզարգանան: Տեղի ունեցածի շուրջ Armlur.am-ը զրուցեց Կուրթան համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունը` հավելելով, որ հրդեհից անասնագոմի տերերն այնքան էլ մեծ վնասներ չեն կրել: Համայնքապետի դիտարկմամբ, այս պահին հստակ ասել հնարավոր չէ` ով կարող էր նման բան անել, քանի որ Վարդան Գևորգյանի անժամանակ մահը վհատեցրել է Կուրթանի բոլոր բնակիչներին. «Դեպքից հետո բոլորս մեծ վշտի մեջ ենք: Գյուղում գոնե մի հատ ժպտացող դեմք չկա: Հիմա ամեն մեկն էլ կարող էր մի բաժակ խմել ու այրել Սեյրանի ընտանիքին պատկանող ինչ-որ բան: Դե, մարդիկ կասեն` դուք վրեժ չկարողացաք լուծել, մենք կլուծենք: Էդ էրեխուն բոլորս էլ շատ էինք սիրում, շատ հարգված, սիրված, խելոք տղա էր: Չենք կարող հաստատ ասել, որ կատարվածը հաշվեհարդար է կամ դեռ վրեժ կլուծեն, բայց ամեն ինչ էլ հնարավոր է»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, Վարդանն ու Սեյրանն ազգականներ են, իրար հետ նույն բակում են մեծացել, ընտանիքներն էլ երբևէ իրար հետ խնդիրներ չեն ունեցել, իսկ դեպքը շատ անհեթեթ վիճաբանության հետևանքով է եղել. «Երկու ընտանիքների տունն էլ քանդվեց. մեկի երեխան այլևս չկա, մյուսն էլ բանտում սաղ կյանքը մեղքի զգացումով կապրի: Սա բոլորիս համար է մեծ հարված: Հիմա հանգիստ է գյուղում, այսինքն` ամեն ինչ անում ենք, որ հանգիստ լինի»:
Համայնքի ղեկավարը պատմեց, որ դեպքի օրը տղաները վիճաբանել են, վիճաբանությանը ներկա է եղել նաև Սեյրանի հայրը, ով, ըստ երևույթին, հրահրել է, որ իրավիճակն ավելի թեժանա: Ապա հեռվից լարվածությունը նկատել են Վարդանի եղբայրները, մոտեցել են, որպեսզի բաժանեն արդեն իրար քաշքշող տղաներին, սակայն ամեն ինչ ավելի վատ ավարտ է ունեցել. «Սեյրանի հայրը լավ մարդ է, բայց որ մի քիչ խմում է, իրեն կորցնում է ու տարօրինակություն է անում: Արդյունքը ողբերգական եղավ»: