ԹԱՄԱՇԱՅԻ ՎԱՐՊԵՏ ԹԵԿՆԱԾՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերգելյան ինստիտուտի մոտ երեկ՝ ժամը 16.30-ից, անասելի իրարանցում էր. Սերժ Սարգսյանի հետ նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպման համար Մերգելյանի դահլիճ էին «բերման ենթարկվել» Արաբկիր վարչական շրջանի, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, դպրոցների ու մանկապարտեզների, ՀՀԿ-ականների ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների աշխատակիցները: Ընդ որում, դատելով հատկապես կանանցից շատերի տեսքից՝ նրանք բերման էին ենթարկվել ոչ թե անմիջապես աշխատավայրից, այլ գեղեցկության սրահներից. յուրաքանչյուրը փորձել էր ինքնատիպ երեւալ:
Ինստիտուտի մուտքի մոտ բարձրաստիճան ՀՀԿ-ականներից յուրաքանչյուրն իր բերած մարդկանց ՀՀԿ դրոշներ ու ՀՀ դրոշի գույներով շարֆեր տալուց հետո տեղավորեց դահլիճում: Ազատ էին թողել դահլիճի առաջին շարքերը. այնտեղ տեղավորվեցին ՀՀԿ-ական արաբկիրցի պատգամավորներն ու թաղապետը, նաեւ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երբ վերջապես ժամանեց Ս.Սարգսյանը, ՀՀԿ-ականներից մեկը ոգեւորված ժեստերով հասկացնում էր` հարկավոր է ոտքի կանգնել ու խանդավառված ծափահարել: Այդպես էլ եղավ: Միայն թե, խանդավառությունը շատ կարճ տեւեց, որովհետեւ ինչ-որ պահից մարդիկ հոգնեցին, ձանձրացան ու անհամբեր սպասում էին հանդիպման ավարտին: Ս.Սարգսյանի երեկվա ելույթն այնքան էլ նախընտրական չէր. նա պատասխանեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցում հնչեցրած քննադատություններին, ընդ որում` առանց Տեր-Պետրոսյանի անունը տալու: Նույնիսկ քաղաքացիների հարցին պատասխանելիս էլ չէր հանդարտվում ու պարբերաբար իր խոսքում ակնարկներ էր անում առաջին նախագահի հասցեին:
Ս.Սարգսյանը երեկ փորձում էր ամեն գնով համոզել, թե նախագահի այս ընտրությունները մրցակցային են, անգամ լուրջ գաղափարական պայքար է ընթանում, որ հանրությունն էլ իր հերթին ակտիվ է այդ հարցում, ամենեւին կրավորական կեցվածք չի ընդունել, թեժ պայքար է սպասվում: Նման տեսակետ հայտնողներն էլ, նրա կարծիքով, չարամտություն դրսեւորողներ են: Անդրադառնալով գնահատականներին, թե այս ընտրությունները հետաքրքիր չեն, նա նշեց. «Ընտրությունները ո՛չ թամաշա են, ո՛չ ներկայացում կամ կինոֆիլմ են, որ հետաքրքիր լինեն: Ովքեր ուզում են՝ հետաքրքիր լինեն, թող գան մասնակցեն: Եթե իրենք ոչնչի չեն մասնակցում, չեն մասնակցում տարբեր պատճառներից ելնելով: Դրա մեղավորը ո՞վ է, մե՞նք ենք: Փա՞կել ենք դեմները, տարել ենք բա՞նտ ենք նստեցրել, տնային կալա՞նք ենք տվել, վախեցրե՞լ ենք: Վախեցո՞ղ են այդ թեկնածուները: Բա եթե վախենում են, ո՞նց են ուզում հանրապետության նախագահ դառնալ»,-ասաց նա:
Երեկ Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում հայտարարել էր, թե Ս.Սարգսյանի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում արտագաղթը սոսկալի չափերի է հասել` տարեկան մոտ 50 հազար մարդ, իսկ այսպես շարունակվելու դեպքում նրա պաշտոնավարման ընթացքում տարեկան 100 հազար մարդ է արտագաղթելու, հետեւանքն էլ լինելու է այն, որ 10-20 տարի հետ ՀՀ-ն հայտնվելու է կործանման եզրին: «90-ականներին մեզ գուժում էին կործանում, վախեցնում էին Ադրբեջանի լույսերով, ասում էին` Բաքուն ավելի լուսավոր է… դրանից հետո, անկարող լինելով երկիրը կառավարել, գուժում էին, որ եթե չհանձնվենք կկործանվենք, փառք Աստծո չկործանվեցինք: Ճգնաժամի տարիներին էլ ասում էին նույնը, կործանվում ենք, բայց փառք Աստծո, չկործանվեցինք ու առաջընթաց ենք ապահովել,-հայտարարեց Սարգսյանը` հավելելով,-այո՛, արտագաղթ կա, բայց դրանից հրճվել պետք չէ: Ասում են՝ մեր երկիրը մի քանի տարի հետո կործանվելու է: Իհարկե` ոչ: Մեր երկիրը երբեք չի կործանվելու: Այս երկիրը աշխարհի լավագույն երկիրն է: Ուղղակի այս երկիրը պետք է սիրել, այս ժողովրդին պետք է սիրել: Եթե դու ժողովրդին չես սիրում, ուզում ես՝ ժողովուրդը քեզ սիրի՞: Եթե դու նեղանում ես, պրոցեսների վրա այլեւս ազդեցություն չունես: Ուրեմն անցել է ժամանակդ: Ցտեսություն»: Եվ վերջում ասաց. «Մենակ մարդը ոնց կարող է նախագահ դառնալ: Եթե քաղաքական ուժը նույնիսկ հնարավորություն չունի ընտրատեղամասերում իր nերկայացուցիչն ունենալու, այդպիսի քաղաքական ուժը ո՞նց կարող է ակնկալել, որ ինքը կարող է նախագահ դառնալ»: Ս.Սարգսյանն անուղղակի կերպով Տեր-Պետրոսյանին հիշեց նաեւ՝ պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին, թե Ս.Սարգսյանն ինչ ծրագիր ունի մայրաքաղաքի փողոցների խցանումները վերացնելու եւ նոր ճանապարհներ կառուցելու ուղղությամբ: Ըստ Ս.Սարգսյանի` ավելի լավ է՝ մեքենաները շատ լինեն, խցանումներ լինեն, քան` ինչպես որոշ ժամանակ առաջ էր` սպասես ու տեսնես, որ փողոցով 1-2 մեքենա հազիվ է անցնում:
Հակառակ բոլոր սպասումներին, Ս.Սարգսյանի երեկվա հանդիպման ժամանակ արտառոց ելույթներ չեղան, թեեւ շատերը երեկ կատակում էին՝ ասելով, որ չեբուրաշկայի, այնուհետեւ` թեկնածուի կրակոտ երիտասարդության մասին համակուրսեցու ելույթից հետո ժամանակն է, որ հայտնվի նաեւ նրա համադասարանցին` պատմելու, օրինակ, չարաճճի կամ միգուցե ոչ պակաս կրակոտ մանկության մասին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս