ՉԵՆ ԹՈՂԵԼ՝ ՔՆԻ
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ընկերները հայտնել են, որ նա գիշերը վատ է քնել, քանի որ բժիշկները պարբերաբար արթնացրել են` նրա ճնշումը չափելու համար: Նրանք նաեւ նշել են, որ բժիշկների ասած ճնշումը՝ 80/40, չափազանցված է: «Մենք չափեցինք, այդքան ցածր չէր, Անդրիասն էլ իրեն լավ է զգում, նրան ավելի շատ անհանգստացնում են, ոչ թե օգնում»,-պատմեց Վարուժանը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ
Նորաստեղծ «Նոր Հայաստան» կուսակցության համակարգող խմբի անդամ Բաբկեն Հարությունյանի կարծիքով՝ նախընտրական շրջանը տաղտկալի է: «Ինչի՞ մասին է խոսքը, երբ 2-րդ քաղաքական ուժը, որ ներկայացված է ԱԺ-ում, կամ արմատական դիրքերից հանդես եկող ՀԱԿ-ը կամ «Դաշնակցություն»-ը, որը պարբերաբար խոսում էր իշխանափոխության մասին, դուրս գրվեցին քաղաքական գործընթացներից: Այս ուժերը գնում են քաղաքական արխիվ, իրականում ընտրել են քաղաքական ինքնասպանության ուղին: Բա ո՞ւր մնաց խորհրդարանական օպերացիան, երեք ուժեր կոնսուլտացիաներ էին անում, քննադատում իշխանությանը, գնում էին Եվրոպա, բարձրագոչ հայտարարություններ անում, հետո հերքում: Բա ավազակապետություն էիք քանդում, ՀԱ՛Կ, ո՞նց եք քանդում: Կամ նույն Վարդան Օսկանյանը օրուգիշեր facebook-ից սկսած բոլոր հարմար առիթներով քննադատում էր իշխանությանը: Իսկ հիմա երեք ուժերն էլ ընտրել են Սերժ Սարգսյանին տակից սատարելու ուղին»,-ասել է Հարությունյանը:
ՐԱՖՖԻՆ` ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Հանդիպմանը արծարծվել են երկու հայկական հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
ԱԶԱՏԵԼ Է
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ երեկ ստորագրած հրամանով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայրի (ԿՊԶ) պետ Գալստյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ:
ՄԱՀԱՑԵԼ Է
Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Նորացված կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը: Հիշեցնենք, որ Մանուկյանը եւ նրա կողմնակիցները 2001թ. անջատվեցին ՀԿԿ-ից եւ ստեղծեցին ՆԿԿ-ն: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է Յուրի Մանուկյանի ընտանիքին եւ հարազատներին:
ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉԷԻՆՔ ԷԼ ՍՊԱՍՈՒՄ
«Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը ցավում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի առիթով։ Նա կարծում է, որ ԱԻՄ նախագահի մահվանից հետո Երեւանում պետք է տեղադրվի նրա արձանը՝ որպես անկախության խորհրդանիշի։ Այդուհանդերձ, նա իր ձայնը չի տա Պ. Հայրիկյանին։ Վարդանյանը «Ա1+»-ին ասել է, որ իր ձայնը տալու է Սերժ Սարգսյանին, քանի որ նրա պաշտոնավարման ընթացքում իր բիզնեսն առաջընթաց է ապրել։