ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական պաշտոնյաների շուրթերից մշտապես կարելի է լսել «պետությունն այդքան գումար չունի», «բյուջեի միջոցները սուղ են» եւ նմանատիպ այլ արտահայտություններ: Ամեն անգամ, երբ լրագրողները կամ ընդդիմադիրները պետական պաշտոնյաներից փորձում են պարզել, թե այս կամ այն սոցիալական ծրագրի համար ինչու է քիչ գումար հատկացվել, հնչում է ավանդական` գումար չկա պատասխանը: Սակայն իշխանական ջահելների քեֆերի, տարատեսակ հավաքների ու համերգների համար գումարի պակասություն չի զգացվում: Ինչպես հայտնի է՝ իշխանական ջահելների ամենամյա հավաքներից մեկը, որն անցկացվում է ամռան ամիսներին` հիմնականում օգոստոսին, կոչվում է «Բազե»: Այս հավաքը կազմակերպում է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ» անվանումը կրող պետական հիմնադրամը: Այո՛, այո՛, սա պետական հիմնադրամ է, քանի որ ստեղծվել է ՀՀ Կառավարության որոշմամբ` 2001 թվականին, հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է, իսկ անդամները` մի շարք նախարարությունների ներկայացուցիչներ: Այդ հիմնադրամի ղեկավարն ավանդաբար լինում է իշխանական ջահելներից մեկը: Մասնավորապես, արդեն մի քանի տարի է՝ այդ գործը վստահված է 41-ամյա երիտասարդ Կարեն Ավագյանին: «Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այս հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, քանի որ դրանցում նշված չէ, թե այս կազմակերպությունն ինչ աղբյուրներից եւ որքան է ֆինանսավորվում: Իսկ պատճառը շատ պարզ է՝ չեն ցանկանում, որ հանրությունն իմանա, թե պետբյուջեից որքան գումար է ծախսվում իշխանական ջահելների «քեֆերի» եւ տարատեսակ հավաքույթների վրա:

 

 

 
Երեկ նախագահական նստավայրում սկսվեց Սերժ Սարգսյանի եւ քաղաքական ուժերի մասնակցությամբ հերթական ֆոտոսեսիան: Սերժ Սարգսյանի հետ նկարվելու նպատակով նախագահական էին գնացել ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ կուսակցությունների ներկայացուցիչները: Այդ կուսակցություններից ՀՅԴ-ի կազմում, ի տարբերություն նախորդ` մարտյան այցելության, նշանակալի մի փոփոխություն էր տեղի ունեցել. հանդիպմանը ներկա չէր դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մինասյանը վերջին շրջանում գրեթե չի շփվում ՀՅԴ ղեկավարության հետ: Բանն այն է, որ ի սկզբանե որոշված է եղել, որ երբ ՀՅԴ-ին պորտֆելներ տրվեն, դրանցից մեկը պետք է բաժին հասներ հենց Մինասյանին: Սակայն վերջերս նրան տեղեկացրել են, որ ինքը մնալու ԱԺ-ում, քանի որ այնտեղ ուրիշ «խոսացող» չկա: Արդյունքում, Մինասյանն էլ սկսել է չխոսել եւ լրագրողների բոլոր հարցերին պատասխանում է. «Դիմե՛ք ընկեր Արմենին կամ ընկեր Աղվանին»: Մինասյանին նեղացրել են:

 

 

 
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանին պատկանող «Երեւան Գարեջուր» փակ բաժնետիրական ընկերությունը չի վճարի ՀՀ ֆինանսների նախարարության կազմած ակտով սահմանված 653 միլիոն դրամի տուգանքը: Բանն այն է, որ ընկերութունը դեռեւս անցած տարի ՀՀ վարչական դատարանում բողոքարկել էր իրեն տուգանելու մասին կազմված ակտը: Նոյեմբերին վարչական դատարանը մասնակի բավարարել էր ընկերության բողոքը: Չնայած՝ այս գործով վճիռը իրավական տեսանկյունից ձեւակերպված է որպես «մասնակի բավարարում», սակայն գործնականում կարելի է ասել, որ բողոքն ամբողջությամբ է բավարարվել, քանի որ 653 միլիոն դրամի փոխարեն «Երեւան Գարեջուրը» պետք է վճարի ընդամենը մոտ տասը միլիոն դրամի տուգանք: Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը ժամանակին գրել էր, որ այս գործով կայացված վճիռը ՀՀ ֆինանսների նախարարությունը սկզբում բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այստեղ մերժում ստանալուց հետո` վճռաբեկ դատարան: Բայց վճռաբեկը եւս ֆիննախին մերժել է:

 

 

 
ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին յոթ ամիսներին հարկերի եւ տուրքերի հավաքագրման տվյալը: Ըստ այդմ, հուլիսին ՀՀ պետական բյուջե մուտք եղած հարկերն ու տուրքերը կազմել են 91 մլրդ 549 մլն դրամ` տարվա ցուցանիշից շուրջ 2 մլրդ դրամով պակաս: 2014-ի հուլիսի մուտքերը եղել են 93 մլրդ 254 մլն դրամ: Ուշագրավն այն է, որ երկու հիմնական հարկատեսակների` ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գծով էլ պետբյուջեի մուտքերը նվազել են: 2014-ի հուլիսին հավաքագրվել է 39 մլրդ 597 մլն ԱԱՀ եւ 6 մլրդ 844 մլն շահութահարկ: Այս տարի այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 37 մլրդ 45 մլն եւ 4 մլրդ 86 մլն: Ի դեպ, պետբյուջե մուտքերի հուլիսի անկման արդյունքում այս տարվա յոթ ամիսների ընդհանուր արդյունքը եւս, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է: 2014-ին յոթ ամիսների ընդհանուր մուտքերը կազմել են 592 մլրդ 729 մլն դրամ, այս տարվա ցուցանիշը 592 մլրդ 71 մլն է:

 

 

 
ՁԱԽՈՂՎԱԾ

Մի քանի օրից՝ օգոստոսի 31-ին, կլրանա հայ-թուրքական արձանագրությունների hրապարակման վեցերորդ տարելիցը: Ձախողված այս գործընթացի մեկնարկին ՀՀԿ-ականները ոգեւորված հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանը վարում է նախաձեռնողական արտաքին քաղաքականություն, եւ շուտով Հայաստանի քաղաքացիները կզգան դրա արդյունքները: Այս հարցում ՀՀԿ-ականները չէին սխալվում. Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության ադյունքներն իրոք որ ՀՀ քաղաքացիները շատ շուտով զգացին, սակայն, ցավոք, դրանք բացառապես բացասական եւ Հայաստանի պետական ու ազգային շահերին սպառնացող արդյունքներ էին: Այսօր՝ այդ ամենից 6 տարի անց, արդեն իսկ բոլորի համար էլ հստակ է, որ հայ-թուրքական գործընթացը ի սկզբանե իրագործման ոչ մի շանս չուներ, եւ միայն կարճատես քաղաքական գործիչը կարող էր հավատալ, որ հնարավոր է հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ երրորդ երկրների ճնշման արդյունքում:
Իսկ գրանցված արդյունքների շարքում կարելի է նշել ինչպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վիժեցումը (մի բան, որը գրեթե անխուսափելի պիտի լիներ, եթե չլինեին հայ-թուրքական արձանագրությունները), այնպես էլ ռուս-թուրքական եւ ադրբեջանառուսական հարաբերությունների էլ ավելի սերտացումը: Դե, իսկ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների տակ Հայաստանի Հանրապետության ստորագրությունը դնելով՝ Կարսի խայտառակ պայմանագրի ընդունումն ու հայ-թուրքական ներկայիս սահմանի ճանաչումը դարձան այնպիսի վտանգավոր նախադեպ, որը, անկասկած, հետագայում օգտագործվելու է ՀՀ շահերի դեմ:
Սակայն մինչ օրս իշխանությունները որեւէ հոդաբաշխ բացատրություն չեն ներկայացրել հանրությանը, չեն պարզաբանել, թե ինչու այդպես ստացվեց: Այս եւ այլ ծրագրերի ձախողումից առավել վտանգավոր է հենց այս վարքագիծը, այն, որ իշխանությունները երբեք հաշվետու չեն հանրությանը: Օրինակ՝ եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա գոնե ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մինչ օրս հարկ չեն համարել թեկուզ Հանրային հեռուստաընկերությամբ կամ որեւէ այլ լրատվամիջոցով դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ ներկայացնել գործընթացի ձախողման պատճառները եւ իրենց հետագա քայլերը:
Ինքը՝ Սերժ Սարգսյանը, ընդհանրապես ծայրահեղ հազվադեպ է հայկական լրատվամիջոցներին հարցազրույցներ տալիս կամ ուղերձով դիմում հանրությանը, եւ սրա պատճառն, անկասկած, այն է, որ նա իրեն չի համարում ժողովրդի կողմից ընտրված: Մինչդեռ եթե որեւէ հարցում ձախողվել է, միեւնույն է, ընտրված իշխանությունը փորձում է բացատրել, թե ինչ հանգամանքների, ինչ գործոնների պատճառով է տեղի ունեցել այդ ձախողումը:
Մինչդեռ ՀՀ-ում նման մշակույթ գոյություն չունի: Մեր երկրում ոչ մի վարչակարգ հարկ չի համարել ժողովրդին հաշվետու լինել, քանի որ գիտակցել է, որ իր իշխանությունը կախված չէ ոչ թե այդ ժողովրդից, այլ փողից ու զոռբայությունից:




Լրահոս