Փետրվարի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում ծագած վիճաբանության արդյունքում կրակոց էր հնչել Աշտարակ-Էջմիածին խճուղում գտնվող «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայանում: Կրակողը եղել էր գազալցակայանի սեփականատեր 31-ամյա Ռաֆայել Մխիթարյանը: Բարեբախտաբար, կրակոցից ոչ ոք չէր տուժել:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայան: Թեեւ աշխատակիցները հաստատեցին, որ իրենց գազալցակայանում փետրվարի 5-ին կրակոցներ են հնչել, սակայն նշեցին, որ կխոսեն միայն այն դեպքում, երբ տնօրենը տեղում լինի:
Հանդիպեցինք նաեւ գազալցակայանի տնօրեն Ռաֆայել Մխիթարյանի հետ: Նրա խոսքով` ինքը գազալցակայանը ձեռք է բերել 1 տարի առաջ. «Հուլիս ամսին մի փոքր խնդիրներ առաջացան ինձ մոտ, եւ ես Աշտարակի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղին պարտք մնացի 4 մլն դրամ: Կամաց-կամաց պարտքը մարեցի, մնացել է 3,5 մլն դրամին մոտ գումար»:
Նա պատմեց, որ 3-4 մլն դրամ պարտքի պատճառով Աշտարակ քաղաքի ԳԳՄ-ի տնօրեն Ռուբեն Հայրապետյանը «լարվել է իր հետեւից» եւ իրեն հանգիստ չի տալիս` ցանկանալով խոչընդոտել գազալցակայանի գործունեությունը: «Հասկանում եմ, որ պարտք եմ, բայց այս ՍՊԸ-ն 70 մլն-ի մոտ գումար է տալիս իրենց, եւ հիմա այդ մի 3-4 մլն-ի համար խեղդում են: Ես վարկ պետք է վերցնեմ, եւ ես «թռնող» մարդ չեմ, բայց վարկն ուշանում է, հիմա ես ի՞նչ անեմ: Փորձել եմ խոսել գրասենյակի տնօրինության հետ, բանավոր ասել եմ՝ օգնե՛ք, ընդառաջե՛ք, կամաց-կամաց կմարեմ պարտքս, իսկ իրենք` չէ որ չէ, պիտի տաս»,-իրավիճակը վրդովված ներկայացրեց գազալցակայանի տնօրենը: Ըստ նրա՝ գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տեսուչները փետրվարի 5-ին եկել են գազալցակայան եւ պարտքի պատճառով դադարեցրել գազալցակայանի մատակարարումը. «Սա առաջին դեպքը չէ: Դեկտեմբերի 25-ին, հունվարի 10-ին փակեցին գազամատակարարումը, գնացի, պայմանավորվեցի, թե ժամանա՛կ տվեք, ու դրանից հետո միացրին: Իսկ այս անգամ միանգամից երեք հոգի եկան եւ ասացին, թե վերջ` մեզ հրաման է տրված, փակում ենք»:
Ռաֆայելը նշեց, որ ինքը տեսուչներին թույլ չի տվել, որ փակեն գազամատակարարումը, պնդել է, որ նրանք կանչեն իրենց տնօրենին, այլապես ինքը թույլ չի տա մոտենալ գազի փականներին: Տեսուչներն էլ ասել են, որ տնօրենը գրասենյակում է, կարող գնալ եւ հետը խոսել. «Դե ասի սպասե՛ք, գնամ, տնօրենի հետ խոսեմ ու գամ: Գնացի, մարդ չկար այնտեղ, մինչեւ վերադարձա, ի՞նչ տեսնեմ, տեսուչներն իրենցն արել են ու փակել գազի փականները»:
Այդ պահին Ռ. Մխիթարյանը խիստ զայրացել է եւ իր աշխատակիցներին ասել` ինչպես նրանք վարվեցին, այնպես էլ ինքը կվարվի, եւ գնացել է փականները բացելու. «Տեսուչները քաշքշեցին ինձ, սկսեցինք հրել, ու վիճաբանություն սկսվեց, եւ ես էլ նրանց սթափեցնելու համար օդ կրակեցի»: Վախեցած տեսուչները կրակոցներից սթափվել են եւ փախել գազալցակայանից: «Ես հանցագործ չեմ, բայց այնքան են նյարդայնացրել ինձ ու վատ վիճակի մեջ դրել, որ չեք պատկերացնի, հոգեկան աշխարհս խառնվել էր իրար: ԳԳՄ-ի տնօրեն Ռուբեն Հայրապետյանն իրեն ինչի՞ տեղ է դրել, ինքը ղզիկ է, կարող եք այդպես էլ գրել»,-նշեց Ռաֆայելը:
Տեղեկացանք, որ «ըՈռՍՈս» տեսակի որսորդական հրացանն օրինական է եւ պատկանում է Ռ. Մխիթարյանին:
Գազալցակայանի տնօրենը պատմեց, որ կատարվածի հաջորդ օրը ԳԳՄ-ի տեսուչները եկել եւ փակել են գազալցակայանի փականները, իսկ գազալցակայանը գործել է պահեստային գազի հաշվին, որն այսօր արդեն վերջացել է:
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք նաեւ Աշտարակ քաղաքի ԳԳՄ-ի տնօրեն Ռուբեն Հայրապետյանի հետ: «Ամեն անգամ եկել է, դիմել է, ընդառաջել եմ, ասել եմ՝ լավ, կամաց-կամաց տո՛ւր: Բայց անընդհատ խաբում է, ինչքա՞ն կարող եմ ընդառաջել: Գոնե այս անգամ էլ դիմեր, խնդրեր: Արդյունքում դրել կրակել է իմ աշխատակիցներին: Ինչքանո՞վ է ճիշտ իր արարքը: Իմ բոլոր աշխատակիցներն այդ դեպքից հետո լարված են: Ախր չի կարելի չէ՞, դեմն էլ ընտրություններ են»,-նկատեց Ռ. Հայրապետյանը:
Վերջինս շեշտեց, որ մինչեւ Ռ. Մխիթարյանը չվճարի պայմանագրով նախատեսված գումարը, իրենք չեն պատրաստվում բացել գազալցակայան գազ մատակարարող փականները. «Այդ դեպքի օրը, երբ նա եկել է գրասենյակ, ես պանիխիդայի էի գնացել: Զանգել է ինձ, հեռախոսս անհասանելի է եղել: Է հա, մի քիչ սպասեիր, էլի զանգեիր, բայց ոչ թե նման բան անեիր»:
Նկատեցինք նաեւ, որ գազալցակայանում կանգնած մեքենաների ուղեւորներն այս ցուրտ եղանակին դրսում էին սպասում, քանի որ ԳԳՄ-ն փակել էր գազալցակայանի սպասասրահը:
Նշենք, որ դեպքի հաջորդ օրը Ռ. Մխիթարյանին բերման են ենթարկել ոստիկանություն, ապա ստորագրությամբ ազատ արձակել: Հանգամանքները պարզվում են:
«ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՂԶԻԿ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ