ԱՄԱՌՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ԷԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՎՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառն ավարտվում է, եւ եկող շաբաթվանից կսկսվի աշունը, սակայն այս հանգամանքը Հայաստանի բնակչությանը ոչ մի լավ բան չի խոստանում: Բանն այն է, որ սեպտեմբերի սկզբից ձեռնարկությունները կսկսեն հաշվարկել, թե իրենց ծախսերում որքանով է ավելացել էլէներգիայի վարձավճարի չափը: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի իշխանությունները վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրթերով դեռեւս երկու շաբաթ առաջ հայտարարել են, որ ձեռնարկությունների էլէներգիայի ծախսը իրենք չեն պատրաստվում փոխհատուցել: Ինչը նշանակում է, որ ձեռնարկությունների համար էլէներգիայի սակագնի 7 դրամով թանկացումը օգոստոսի 1-ից ուժի մեջ է, եւ սեպտեմբերի սկզբին նրանք նոր սակագնով առաջին հաշիվները կստանան: «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե էլէներգիայի 17 տոկոսով թանկացումը սպառողական գների ինչպիսի բարձրացման կհանգեցնի: Բայց որ առջեւում մեզ թանկացումներ են սպասվում, այն էլ նշանակալի չափերով, դա արդեն կասկածից վեր է: Ավելին՝ վերջին օրերին միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումները եւս ոչ մի լավ բան չեն խոստանում, ու չի բացառվում, որ մոտ ապագայում դրամը կրկին արժեզրկվի: Եթե իրադարձությունները զարգանան հենց այդ սցենարով, ապա այդ գործոնը եւս իր հերթին լրացուցիչ թանկացումների պատճառ կդառնա: Մի խոսքով, հիրավի կարելի է ասել՝ ամա՛ռ, մի՛ շտապիր գնալ:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը եւ նրա ընտանիքի անդամներն արդեն տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում չեն: Ըստ նույն աղբյուրների՝ նախկին ոստիկանապետը ընտանիքի հետ տեղափոխվել է արտերկիր՝ այնտեղ մշտական բնակություն հաստատելու մտադրությամբ: Նշվում է, որ Ն. Նազարյանի ընտանիքը ցանկանում է բնակություն հաստատել ԱՄՆ-ում, որտեղ նրանք նաեւ բիզնեսներ ունեն: Մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձում է տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատել Ներսես Նազարյանի կամ նրա որդու` Արմեն նազարյանի հետ, սակայն ապարդյուն. նրանց հեռախոսահամարներն անջատված են: Հիշեցնենք, որ Ներսես Նազարյանի պաշտոնավարման տարիներին նրա ընտանիքը Երեւանում բազմաթիվ բիզնեսներ ուներ: Իսկ 2013 թվականի ապրիլին պաշտոնանկ լինելուց հետո Նազարյանների գործերը սկսեցին աստիճանաբար վատանալ: Նազարյաններին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետներից վերջինը փակվեց անցած տարվա աշնանը:

 

 

 

 
«Վիկիլիքսյան» փաստաթղթերից մեկը պատմում է երբեմնի օլիգարխ, իսկ այսօր արդեն սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովի եւ ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի զրույցի մասին: Տեղեկացնենք, որ օլիգարխի հետ զրույցի արդյունքում դեսպանի կազմած զեկուցագիրը թվագրված է 2010 թվականի հունվարով: Մարի Յովանովիչն իր զեկույցում նշել է, որ Բաղդասարովն, ի տարբերություն իրենց առաջին հանդիպման, այս անգամ գովել է այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը: Նա ասել է, որ ՀՀԿ անդամ դառնալով` Տիգրան Սարգսյանն իր քաղաքական կարիերայում մեկ քայլ առաջ է գնացել: Ըստ Միխայիլ Բաղդասարովի՝ Կառավարության վատ աշխատանքը պայմանավորված է եղել բազմակուսակցական լինելու արդյունքում հստակ ռազմավարություն չունենալու պատճառով: Հիշեցնենք, որ Բաղդասարովը Հայաստանի առաջին օլիգարխներից էր: 2012-ի ԱԺ ընտրություններում չեզոք դիրք գրավելուց հետո նրա գործերը սկսեցին վատանալ, եւ նրան պատկանող բիզնեսները մեկը մյուսի ետեւից սկսեցին սնանկանալ:

 

 

 

 

Մոտ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի Սոչի քաղաքում Հայաստանից ներկրված եւ այրելու միջոցով ոչնչացված 200 կիլոգրամ թառափ տեսակի ձկան սեփականատեր, «Արարատ իշխան» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց ապրանքը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ապահովված է եղել: Հիշեցնենք, որ ռուսական կողմը Հայաստանից ներկրված ձուկը ոչնչացնելու փաստը պատճառաբանել էր անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությամբ: «ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում մեզ համար, որի իմաստը չեմ հասկանում: Մեր սննդամթերքի անվտանգության ծառայության պետից սկսած մինչեւ այդ կառույցի դռան պահակը պնդում ու ապացուցում են, որ մենք ճիշտ ենք: Չեմ ցանկանում 200 կգ թառափով կամ իմ կորցրած գումարներով հայ-ռուսական հարաբերությունների մեջ թշնամանք առաջացնել, բայց դա պահվածք չէ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված ասաց հայ գործարարը:

 

 

 

 

ՉԻ ՆԵՐՎԻ
Մի քանի օրից կլրանա հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ազերի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման երեք տարին: Յուրաքանչյուր հայի արժանապատվությանը հասցված այս ցավալի հարվածից անմիջապես հետո հայ հասարակության վրդովմունքին համահունչ իր վրդովմունքն արտահայտեց նաեւ իշխանությունը: Ու թեեւ արդեն այդ ժամանակ ակնհայտ էր, որ կատարվածը բացառապես Հայաստանի արտգործնախարարության անգործության արդյունք է, այդուամենայնիվ, ո՛չ հանրային, ո՛չ էլ քաղաքական շրջանակներից չբարձրացվեց ՀՀ ԱԳՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու պահանջ: Պատճառն այն էր, որ համազգային վրդովմունքի այդ օրերին ՀՀ իշխանությունները այնպիսի կեցվածք էին ընդունել, այնպիսի հայտարարություններ էին անում, որ թվում էր՝ ուր որ է՝ արդարությունը կվերականգնվի, Հունգարիայի վարչապետը հայ ժողովրդից ներողություն կխնդրի, իսկ Եվրամիությունն էլ անհապաղ կպահանջի վերադարձնել արտահանձնված հանցագործին: Իսկ եթե այդ ամենը տեղի չունենար, Սերժ Սարգսյանը Գորիկ Գուրգենիչին տվել էր «հատուկ հանձնարարություն», որի իրագործումն արդեն հաստատ մարդասպան տականքի հարցերը կլուծեր ու կվերականգներ բռնաբարված արդարադատությունը:
Այդպես հավատում էինք շատերս, ու երբ ՀՀ-ում հավատարմագրված եվրոպացի դիվանագետներին նախագահական նստավայր հրավիրած Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «հայ ժողովուրդն ու անձամբ ես սա չենք ներելու», հայ ժողովուրդը հենց վերը նշված վերջին քայլն էր ակնկալում՝ որպես չներելու ապացույց: Սակայն այսօր՝ կատարվածից երեք տարի անց, արդեն իսկ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի՝ այդ օրերի պահվածքն ընդամենը էժանագին պոպուլիզմ էր եւ հանրային վրդովմունքի ալիքի հաշվին սեփական վարկանիշը բարձրացնելու փորձ: Հակառակ դեպքում՝ անցած տարիների ընթացքում որեւէ քայլ կձեռնարկվեր գոնե «հատուկ հանձնարարության» շրջանակներում: Ուղիղ եթերում ՀՀ (ի դեպ, առաջին եւ միակ անգամը մինչ օրս) ազգային անվտանգության խորհրդի նիստ անցկացնող եւ իր ժողովրդին արդար հատուցման խոստում տված Սերժ Սարգսյանը՝ թե՛ որպես ղեկավար, թե՛ որպես հայ մարդ, պարտավոր էր այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել, սակայն այսօր Սաֆարովի մասին, թերեւս, հիշում են միայն Գուրգեն Մարգարյանի ծնողները:
Այս ամբողջ ընթացքում, ըստ էության, ոչինչ չարվեց նաեւ հարցի իրավական լուծման ուղղությամբ: Ավելի քան մեկուկես տարի առաջ հայտարարվեց, որ Սաֆարովի գործով Մարգարյանի իրավահաջորդները դիմել են ՄԻԵԴ, սակայն մինչ հիմա գործի քննության հարցում առաջընթաց չկա: Մինչդեռ իրական ցանկության դեպքում դժվար չէր հետամուտ լինել գործի քննությանը. ի վերջո, երբ իրենց պետք է լինում, ՀՀ իշխանությունները լավ էլ կարողանում են հարցեր լուծել՝ անգամ եվրոպական եւ միջազգային դատարաններում: Եվ դժվար թե հասարակությունը ների Սերժ Սարգսյանին ու Էդուարդ Նալբանդյանին այս անտարբերության համար:




Լրահոս