«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում օր օրի իրավիճակը լարվում է, քանի որ այստեղ ձեւավորված «քոչարյանական» թեւն աշխատում է առանձին: Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե ինքը «հեռանում» է մեծ քաղաքականությունից, խմբակցության անդամներ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանն ու Վահե Հովհաննիսյանը «բաժանվել» են խմբակցությունից ու որեւէ գործունեության «չեն խառնվում»:
Այդ ամենն ավելի ակնհայտ դարձավ, երբ նախօրեին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն իր սիրելի կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, թե ինքն ու Ստեփան Մարգարյանը չեն հանդիսանում ԲՀԿ անդամ, ուստի. «…չենք մասնակցում կուսակցության որոշումների ընդունմանը եւ կուսակցության քաղաքական գծի ընտրությանը»: Վ. Հովհաննիսյանը նաեւ ընդգծեց, որ ինքը դեմ է սահմանադրական բարեփոխումներին:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության՝ վերը նշված անդամներն իսկապես չեն մասնակցում խմբակցության աշխատանքներին: Նրանք մշտապես խորհրդարանում միասին են, միմյանց սենյակներում են ու ինչ-որ որոշում կայացնելիս բացառապես միմյանցից են խորհուրդներ հարցնում: Ըստ մեր տեղեկությունների՝ Հովհաննիսայնը, Մարգարյանն ու Վարդանյանն ուղղորդվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «խորհուրդներով», որն այս ժամանակահատվածում թիմ է «հավաքագրում»` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
ԲՀԿ-ում քննարկվող գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչու են Ս. Մարգարյանն ու Է. Վարդանյանը, չխառնվելով խմբակցության աշխատանքներին, շարունակում զբաղեցնել ԲՀԿ քվոտայով ստացած ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնները: Հիշեցնենք, որ Ստեփան Մարգարյանը ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, իսկ Էլինար Վարդանյանն էլ ղեկավարում է մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:
Տեւական ժամանակ է՝ «ժողովուրդ»-ը փորձում է այս հարցի շուրջ զրուցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի հետ: Երեկ, սակայն, Է. Վարդանյանը խորհրդարանում կտրականապես հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ հայտարարելով, թե չի ցանկանում մեզ հետ զրուցել: Պարզվում է` Վարդանյանի «սրտին դարդ» է եղել մեր հրապարակումն այն մասին, որ ինքը Ռ. Քոչարյանի թիմից է: Ս. Մարգարյանի հետ եւս չհաջողվեց զրուցել. Է. Վարդանյանի քույրը, որը Մարգարյանի օգնականն է խորհրդարանում, հայտարարեց, թե Մարգարյանը շատ զբաղված է:
Հ. Գ. Չի բացառվում, որ այսօր Վահե Հովհաննիսյանն էլ իր «սիրելի» կայքերին «հրահանգի» մի նյութ հրապարակել, որ մենք պատվեր ենք կատարել: Վ. Հովհաննիսյանի այս գործելաոճն արդեն բոլորի համար ակնառու է դարձել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ