ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ, ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), որի ընտանիքին է պատկանում «ՄԱՊ» գործարանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ըստ իրեն՝ ՀՀ Կառավարության համար եւս դժվար էր որոշում կայացնել, որ խոշոր բիզնեսների վրա էլեկտրաէներգիայի թանկացումը ազդելու է:

-Պարո՛ն Պետրոսյան, օգոստոսի 13-ին ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագների հարցում չի օգնի խոշոր բիզնեսին: Ի՞նչ է սպասվում խոշոր բիզնեսմեններին, հաշվարկե՞լ եք՝ որքա՞ն եք տուժելու:
-Իհարկե, վատ ազդեցություն է ունենալու, որին գումարվում է նաեւ ռուսական ռուբլու արժեզրկումը. երկուսը իրար հետ շատ վատ է ազդելու մեր գործունեության վրա: Դա շատ բարձր է լինելու, եթե հաշվենք ամբողջ արտադրության վրա, ես հիմա չեմ կարող թվերով ասել, բայց հստակ է, որ լուրջ ազդեցություն կլինի: Չի կարող, եթե անգամ մեկ դրամ էլ թանկանա էլեկտրաէներգիան, ու դա ազդեցություն չունենա գործարարի վրա, տենց բան չկա, եթե էներգակիրը թանկանում է, հարկերը թանկանում է, ապա դա ազդում է նաեւ ապրանքի վրա: Ինքնարժեք է, չէ՞, ձեւավորվում, դա նստելու է ինքնարժեքի վրա: Իհարկե, այդ թանկացումը լինելու է նաեւ ինչ-որ մի ապրանքի վրա, արտադրության վրա: Չի կարող գործարարն ինքը այդ տույժը կրել, քանի որ այդ դեպքում ինքը չի կարողանալու աշխատել: Եթե գլուխդ ցավում է, դու երկու ձեւ ունես այն բուժելու համար՝ առաջինը՝ կարող ես ցավազրկող խմել, ցավն անցնի, բայց հիվանդությունը մնա, իսկ երկրորդն էլ՝ պետք է իմանաս, թե ինչից է գլուխդ ցավում, որպեսզի բուժես: Հիմա մենք խոսում ենք ցավազրկիչից, բայց ինչքան կարող ես խմել, որպեսզի ցավ չզգաս, ու հարց է, թե դրան դիմանալը օգուտ է, թե վնաս:
-Կառավարությունը տեղյակ է, թե ինչ կարգավիճակում են գտնվում հայաստանյան բիզնեսները, այդ դեպքում ինչո՞ւ չի ցանկանում «բուժել» ոլորտը՝ օր օրի ավելի «վնասելով» այն:
-Կառավարությունը հնարավորություն չունի, թե չէ, ես հավատացած եմ, որ եթե Կառավարությունը հնարավորություն ունենար, այս թանկացումը չէր անի: Դուք մի մտածեք, որ Կառավարության համար շատ հեշտ է նման որոշում ընդունելը ու ինչ-որ մի բանը թանկացնելը: Բայց Կառավարությունը հնարավորություն չունի, դրա համար էլ նման որոշում է կայացվել:
-Բայց սա առիթ է դառնում, որ հայ գործարարները կա՛մ սնանկանան, կա՛մ իրենց բիզնեսները տեղափոխեն արտերկիր, սա չի նշանակո՞ւմ, որ այս վիճակի պատճառը ՀՀ Կառավարության ձախողված գործունեությունն է:
-Հիմա իրավիճակը շատ բարդ է ու հստակ ասել, որ այս ամենի մեղավորը ինչ-որ մեկն է, սխալ է: Ես ասում եմ, որ այսօրվա չարիքը ռուսական ռուբլու տատանումներն են, արժեզրկումն է: Սա երեւի միակ տարբերակն է, որտեղ ո՛չ կառավարությունը, ո՛չ գործարարները, ո՛չ մեկը մեղք չունի սրա համար, որովհետեւ մենք քանի տարի է՝ կապված ենք ռուսական շուկայի հետ, եթե այսօր ՌԴ-ի վիճակը այդ ձեւ է, ապա դա ուղղակի ազդում է մեր երկրի էկոնոմիկայի վրա ու մարդկանց ապրելակերպի վրա: Իսկ մենք ով ենք, որ ինչ-որ բան անենք, որ նրանց ռուբլին ուժեղանա: Այսինքն՝ այս ամենը միմյանց հետ փոխկապակցված են, մենք նայում ենք մի փոքր կետի վրա, բայց սա մի գլոբալ խնդիր է, ու այն կա ամբողջ աշխարհում: Ու ինձ թվում է, որ Կառավարությունը մտածում է ինչ-որ ձեւով գործարարին աջակցելու մասին՝ Կառավարության վրա էլ երկնքից փող չի թափվում, որ ինքն էլ գործարարին օգնի: Եթե գործարարները քիչ են աշխատում, ապա քիչ հարկ են մուծում, եթե քիչ հարկ են մուծում, ապա բյուջեն քիչ փող է լցվում, եթե քիչ փող է լցվում, Կառավարության հնարավորություններն են սահմանափակվում, այսինքն՝ այս ամենը փոխկապակցված է միմյանց հետ: Ես ասել եմ, որ մեր երկրի համար շատ վատ է, երբ որ ամբողջ վարկատուների վարկային ռեսուրսների 80 տոկոսն արտարժույթ է: Մենք պետք է կարողանաք այդ արտարժույթի քանակը քչացնենք, պետք է մարդկանց վարկերը լինի դրամով, իսկ երբ որ դրամով է լինում, կորուստը քիչ է լինում: Դա էլ այսօրվա Կառավարության մեղքը չի, դա եղել է տարիներ առաջ, ու այժմ այն խորացել է. մարդը չի կարող 30 տարում հիվանդություն ձեռք բերել ու մեկ օրում լավանալ, դա մեր երկրի ցավն է:
-Այսինքն՝ այս ամենը հաշվի առնելով՝ կարելի՞ է արձանագրել, որ աշնանը կտրուկ թանկացումներ են լինելու բոլոր ոլորտներում:
-Թանկացումներ լինելու են, բայց ես հիմա որեւէ կոնկրետ բան չեմ կարող ասել, բայց, իհարկե, եթե էներգակիրը թանկանում է, ապա ապրանքները կթանկանան, եթե գազը թանկանա, ապրանքները կթանկանան, եթե դրսի տրանսֆերները կրճատվում են, ապա ապրանքը կթանկանա միանշանակ: Եթե մարդիկ չեն կարող արտահանում անել, ապա ինչպես կարող են իրենց գոյությունը պահել, թեկուզ քիչ, բայց պետք է այդ թանկացումն անեն, որպեսզի իրենց աշխատողների աշխատավարձերը վճարեն, չէ՞: Գլոբալ բարեփոխումներ են պետք, իսկապես նեղվելու բան է, եթե դուք նեղվում եք, ինչո՞ւ չպետք է նեղվի նաեւ գործարարը, մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են, բայց առանց շահույթի: Սրանք խնդիրներ են, որոնց մասին մենք պետք է միասին մտածենք, ելքը միասին գտնենք:

 

 

 

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՆՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանի հետ խորհրդարանական ուժերի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Աժ-ում առանձին հանդիպում ունենալ Սահմանադրության նախագծի հեղինակների հետ: Երեկ արդեն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը ԱԺ ՀՀԿ խմբակցությունում հանդիպում են ունեցել պատգամավորների հետ: Որոշում է կայացվել սեպտեմբերի 4-ին խորհրդարանական լսումներ կազմակերպել խորհրդարանական բոլոր ուժերի եւ ՀԿ-ների մասնակցությամբ:

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ հանրապետական պատգամավորների հետ քննարկել են նոր նախագծին առնչվող ընդհանուր հարցեր: Հանրապետական գրեթե բոլոր պատգամավորները նախագծի հեղինակներին հորդորել են Սահմանադրության նոր նախագծում երբեք չընդգրկել Վենետիկի հանձնաժողովի պահանջը առ այն, որ ՀՀ-ն պետք է օրինական համարի միասեռների կապն ու ամուսնությունը: ՀՀԿ-ականները հայտարարել են, որ դա իրենց համար անընդունելի է: Վ. Պողոսյանի եւ Հ. Թովմասյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ եթե ԱԺ հանձնաժողովներում անհասկանալի բաներ լինեն նախագծի վերաբերյալ, առաջիկայում կրկին հանդիպում կկազմակերպեն նրանց հետ:
Սեպտեմբերի 4-ին նախատեսված է նաեւ խորհրդարանական լսումներ կազմակերպել ԱԺ մեծ դահլիճում, որտեղ ներկա կլինեն խորհրդարանական բոլոր ուժերն ու հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Իսկ մինչեւ այդ Վ. Պողոսյանի եւ Հ. Թովմասյանի հետ հանդիպում կունենան խորհրդարանական մյուս ուժերը: Այսօր հնարավոր է՝ հանդիպում լինի ՀՅԴ-ականների հետ, իսկ արդեն սեպտեմբերի 1-ին ԲՀԿ-ականները կհանդիպեն: Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 15-ին խորհրդարանում քննարկման կդրվի Սահմանադրության նոր նախագիծը, իսկ արդեն հոկտեմբերի 5-6-ին տեղի կունենա նախագծի քվեարկությունը:
Ի դեպ, երեկ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում հանդիպումներ է ունեցել «Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն» (ՀՔԴՄ) կուսակցության ներկայացուցիչների՝ Խոսրով Հարությունյանի, Լուսինե Թումյանի եւ Սարգիս Ղանթարջյանի եւ «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի եւ Դավիթ Առաքելյանի հետ:
Ս. Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Մասիս Այվազյանի, Անժելա Խաչատրյանի եւ Հովհաննես Ղազարյանի հետ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
«ՏՈՆՈՒՍԻ» ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ՉԼՈՒԾՎԱԾ
Ժամանակն անցնում է, սակայն «Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակարանատերերի խնդիրներն այդպես էլ չեն լուծվում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Տոնուս»-ից տուժած քաղաքացիները պատմեցին, որ օրեր առաջ եղել են Սայաթ-Նովա հասցեում գտնվող «Արցախբանկ»-ում եւ փորձել են հանդիպել կառավարչի հետ, սակայն իրենց ասել են, որ այժմ էլ նա արձակուրդում է: Իսկ բանկի իրավաբանն էլ բնակարանատերերին փոխանցել է, որ ներկայումս զբաղված են Փափազյան հասցեի շենքի բնակարանների հարցով: Իսկ թե երբ կսկվեն Դավիթաշենի 2-րդ թաղամասի շենքի շինարարությունն ավարտին հասցնելու աշխատանքները, բանկում չեն կարողացել հստակ ասել: Հիշեցնենք, որ «Արցախբանկ»-ի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» եւ «Ավի» հայկական ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը տուժած քաղաքացիներին խոստացել էր, որ շենքի շինարարությունը կսկսվի դեռեւս այս տարվա սկզբին: Մինչդեռ տարին արդեն ավարտվում է, բայց շինարարական ոչ մի աշխատանք այնտեղ չի իրականացվել:

 

ԳՆՈՐԴ ՉԿԱ
ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյանի գյուղապետարանը տեւական ժամանակ է` փորձում է վաճառել գյուղապետարանին պատկանող «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան: «Ժողովուրդ»-ը Մյասնիկյանի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանից տեղեկացավ, որ մի քանի անգամ ավտոմեքենան հանվել է աճուրդի, սակայն գնորդ չի գտնվել: Վերջին աճուրդի տվյալներով՝ ավտոմեքենայի գինը 306 հազար դրամ է: «Արդեն 13 տարի է՝ այս մեքենան շահագործում ենք, եւ անիմաստ է գումար ծախսել ու վերանորոգել այն: Այս պատճառով որոշեցինք վաճառել: Բայց մինչեւ հիմա գնորդ չի գտնվել: Մեկը կար, եկավ, հետաքրքրվեց, բայց չգնեց: Եթե չգնեն, ի՞նչ անենք, պետք է նորից քշենք»,- ժպտալով ասաց գյուղապետը:

 

ԷԼԻ ԳՆԱՑՈՂՆԵՐ ԿԼԻՆԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ միայն քննարկել են նոր Սահմանադրության նախագծի հետ կապված հարցերն ու այս օրերին Սերժ Սարգսյանի՝ քաղաքական ուժերի հետ կայացած ու կայանալիք հանդիպումները: Ս. Սարգսյանն ասել է, որ այդ հանդիպումները շարունակվելու են առաջիկա օրերին: Մեր տեղեկություններով՝ այսօր Ս. Սարգսյանը պետք է հանդիպում ունենա ՎՍԴՀ կուսակցության առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանի հետ: Ս. Սարգսյանը հրավեր է ուղարկել նաեւ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին, որը եւս նախագահական նստավայր կգնա առաջիկա օրերին. նա այս պահին ՀՀ-ում չէ: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում հայտարարում էին, որ ԳՄ նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի նշանակման հարց չի քննարկվել, Ս. Սարգսյանն էլ որեւէ ձեւով դրան չի անդրադարձել: ՀՀԿ ԳՄ անդամներից շատերը տեղյակ չեն, թե Ս. Սարգսյանն ում է ցանկանում այդ պաշտոնում նշանակել: Վերջիններս միայն հայտարարում են, թե լինելու է պրոֆեսիոնալ ու գիտակ մարդ: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե քննարկել են ներքաղաքական ու կուսակցական հարցեր:




Լրահոս