ՊԵՏԲՅՈՒՋԵԻ «ՆԻՍԻԱՅԻ» ՏԵՏՐԸ ՍՊԱՌՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, թե Հայաստանի իշխանությունները եւ հատկապես Կառավարությունն ինչպես են տարբեր ճոխությունների եւ «քեֆերի» վրա գումար ծախսում, ուղղակի տարակուսանք է առաջացնում: Կարելի է կարծել, որ այս մարդիկ չեն գիտակցում, թե Հայաստանի տնտեսությունում ինչ է կատարվում, կամ էլ գիտակցում են, բայց իրենց բացարձակ այդ ամենը հետաքրքիր չէ, եւ թքած ունեն, որ տարեվերջին պետբյուջեում կարող է գումար չլինել՝ թոշակ եւ աշխատավարձ վճարելու համար:

Ինչպես հայտնի է՝ այս տարվա հուլիսին հարկերից եւ տուրքերից պետբյուջեի եկամուտները նույնիսկ անցած տարվա ցուցանիշի չափ չեն եղել: Մեկ ամսվա կտրվածքով անկումը կազմել է 2 միլիարդ դրամ: Սա այն դեպքում, երբ պետբյուջեի պլանը կատարելու համար անհրաժեշտ է, որ այս տարվա մուտքերն անցած տարվանից մոտ 20 տոկոսով ավել լինեն:
Զուտ անցած տարվանից պակաս լինելու հանգամանքը, սակայն, այս դեպքում իրավիճակի ողջ ողբերգությունը չի բնութագրում: «Ժողովուրդ»-ի նախորդ համարում նշել ենք, որ այս տարվա յոթ ամիսների արդյունքներով ՀՀ պետական բյուջե մուտքագրված հարկերը եւ տուրքերը կազմել են 592 միլիարդ 71 միլիոն դրամ: Այս ցուցանիշը եւս անցած տարվա յոթ ամիսներին հավաքագրված հարկեր-տուրքերից պակաս է մոտ 700 մլն դրամով:
Սակայն, ողջ խնդիրն այն է, որ ըստ ՀՀ պետական բյուջեի պլանի՝ երրորդ եռամսյակի արդյունքներով՝ հարկերից եւ տուրքերից եկամուտները պետք է կազմեն 827 միլիարդ 459 միլիոն դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ պետական բյուջեի պլանը կատարելու համար օգոստոսին եւ սեպտեմբերին անհրաժեշտ է լինելու հարկերի եւ տուրքերի տեսքով հավաքագրել ընդհանուր 235 միլիարդ 388 միլիոն դրամ: Կարող ենք ասել, որ նման ցուցանիշի արձանագրումը բացառվում է: Օգոստոսի եւ սեպտեմբերի հարկային մուտքերի ցուցանիշը լավագույն դեպքում կարող է հուլիսին արձանագրված թվի սահմաններում լինել: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ նշված երկու ամիսների մուտքերն ավանդաբար ավելի պակաս են լինում, քան հուլիսինը: Այսինքն՝ օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին պետբյուջեի հարկերից եւ տուրքերից մուտքերը լավագույն դեպքում լինեն ամսական 90 միլիարդ դրամի սահմաններում: Ասել է թե՝ երրորդ եռամսյակի արդյունքներով պետական բյուջեի մուտքերը հարկերից եւ տուրքերից թերակատարված է լինելու 50-ից 55 միլիարդ դրամով:
Նշենք, որ ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ պետական բյուջեով նախատեսված 1 տրիլիոն 399 միլիարդ 274 միլիոն դրամ ծախսերից 815 միլիարդ 897 միլիոնն արդեն ծախսված է: Մինչդեռ հիշեցնենք, որ յոթ ամիսների արդյունքներով հավաքագրվել է 592 միլիարդ 71 միլիոն դրամ: Այս իրավիճակում ստացվում է, որ Հայաստանի պետբյուջեն «նիսիայով» է թոշակ եւ աշխատավարձ վճարում:
Ավելին՝ այսօր արդեն ակնհայտ է, որ առաջիկա ամիսներին, մեղմ ասած, ոչ մի լավ բան չի կանխատեսվում: Այսինքն՝ եթե Հայաստանի տնտեսությանը հաջողվի պայթյուններից խուսափել, ապա լավագույն դեպքում կհաջողվի այսօրվա իրավիճակը պահպանել: Ինչը ենթադրում է, որ հարկերից եւ տուրքերից պետական բյուջեի մուտքերը հաջորդ ամիսներին լինելու են միջինը 90 միլիարդ դրամի սահմաններում: Այս պահին առկա են միայն այս տարվա յոթ ամիսների տվյալները, եւ եթե դրանց ավելացնենք նաեւ հաջորդող 5 ամիսների մոտավոր 450 միլիարդ դրամի մուտքերը, ապա ստացվում է, որ տարեվերջին պետբյուջեի ընդհանուր մուտքերը հարկերից եւ տուրքերից կկազմեն մոտ 1 տրիլիոն 40 միլիարդ դրամ: Սա այն դեպքում, երբ պետական բյուջեի պլանով հարկերից եւ տուրքերից տարեկան եկամուտները պետք է կազմեն 1 տրիլիոն 140 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած՝ արդեն իսկ ակնհայտ է, որ տարեվերջին պետական բյուջեն մոտ 100 միլիարդ դրամով թերակատարվելու է:
Ի դեպ, ՀՀ պետական բյուջեի մեկ ամսվա միջին ծախսը կազմում է հենց 100 միլիարդ դրամ: Այսինքն՝ ներկա ցուցանիշները վկայում են, որ տարեվերջին պետական բյուջեն մեկ ամսվա գումարի պակասուրդ է ունենալու: Էլ չենք ասում, թե ինչ տեղի կունենա, եթե հանկարծ դրամը շարունակի արժեզրկվել: Բայց այս ամենն այդքան ողբերգական եւ վտանգավոր չէր լինի Հայաստանի համար, եթե իշխանությունները գիտակցեին երկրի տնտեսությանը սպառնացող վտանգները, եւ նրանց գործողություններն ուղղված լինեին խնդիրների հաղթահարմանն ու վտանգների չեզոքացմանը: Բայց մարդիկ զբաղված են իրենց աշխատասենյակների պատերը ոսկեզօծելով, թանկարժեք կահույքներ գնելով եւ իրենց ջահելների համար տարատեսակ «քեֆեր» կազմակերպելով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԼԱՐՎԵԼ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին բավականին սրվել են ԱԺ ՀԱԿ խմբակցության համանուն կուսակցությունը ներկայացնող անդամների եւ վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի փոխհարաբերությունները: Բանն այն է, որ տեւական ժամանակ է՝ Սարգսյանն իր քայլերը չի համաձայնեցնում ՀԱԿ խմբակցության մյուս անդամների հետ եւ գործում է ինքնուրույն: Շրջանառվող լուրերի համաձայն՝ վերջերս շատ լարված խոսակցություն է տեղի ունեցել Լյուդմիլա Սարգսյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավարության միջեւ: ՀԱԿ-ում արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ եթե Լյուդմիլա Սարգսյանն իր քայլերում առաջնորդվում է՝ հաշվի առնելով միայն իր կուսակցության շահերը, ապա նա պետք է վայր դնի իր պատգամավորական մանդատը: Կողմերի միջեւ լարվածությունը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ խմբակցության անդամներին տեղակացրել է, որ ինքը, որպես ՎՍԴՀԿ ատենապետ, նպատակ ունի սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Լյուդմիլա Սարգսյանից, սակայն ապարդյուն:

 

ՎԱՐԴԱՆԻԿԻ ՓԵՍԱՅԻ ԳՈՐԾԸ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի ընտանիքը, ինչպես հայտնի է, քաղաքացիական հայց է ներկայացրել սպանության համար ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի դեմ: Կարեն Եսայանի մայրը` Անահիտ Եսայանը, դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ Սարգսյաններից պահանջում է մոտ 20 միլիոն դրամ: Այս գործով մի քանի դատական նիստեր են կայացել, որից հետո դատարանը որոշել է գործը տեղափոխել Երեւան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատապարտյալ Հարություն Սարգսյանի հարազատները վրդովված հայտնեցին, որ չեն հասկանում՝ ինչու դատարանը մի քանի նիստ գումարեց եւ հետո նոր որոշեց գործը տեղափոխել Երեւան: «Սա մեզ համար շատ տարօրինակ է եւ անհասկանալի, անգամ բացատրություն չտվեցին՝ ինչո՞ւ, ի՞նչ հիմնավորմամբ»,-դժգոհեցին դատապարտյալի հարազատները:

 

ՊՏՂՆՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում տեղի ունեցած սպանությունը կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունք է եղել: Մեր տեղեկություններով՝ Պտղնիի բնակիչ 34-ամյա Արսեն Ազիզյանը, որ համայնքում ձկնաբուծարան ունի, օգոստոսի 26-ին գինովցած է եղել եւ հայհոյել է նույն համայնքի բնակիչ 28-ամյա Արման Բաղդասարյանին: Վերջինս էլ ոխ է պահել եւ երեկ, վերցնելով իր հորը պատկանող զենքը, գնացել Արսեն Ազիզյանին պատկանող ձկնաբուծարան եւ այնտեղ տեղադրված վագոն-տնակում, երկու անգամ կրակելով, սպանել նրան: Տեղեկացնենք, որ սպանվածն ամուսնացած էր եւ խնամքի տակ ուներ 2 անչափահաս աղջիկ:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՓՈՂ ԿՏԱՆ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ բուհերի ռեկտորների խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Արմեն Աշոտյանն անդրադարձել է այս տարվա նորամուծությանը՝ անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով վճարովի ուսուցման համակարգ ընդունված ուսանողների փոխհատուցմանը բուհի միջոցների հաշվին՝ ըստ նախարարության հաստատած մասնագիտությունների եւ տեղերի քանակի: «Հատկացված տեղերը պետք է նախատեսել մինչ ուսումնառության ավարտ՝ ըստ ռոտացիոն սկզբունքի»,- նշել է Արմեն Աշոտյանը:
«ՀՀ Կառավարությունը հաջորդ տարի 2500 ուսանողի համար նախատեսել է բյուջետային միջոցներ, որպեսզի անապահով ընտանիքների համակարգում ընդգրկված եւ ՄՕԳ-ի համապատասխան նիշ ունեցող ընտանիքների ուսանողները ստանան 50-100 տոկոս զեղչ որպես պետության կողմից փոխհատուցում»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով օրակարգի մյուս՝ օրենքից բխող ուսման վարձավճարների զեղչերի ամբողջական իրականացման խնդրին:

 

ՄԵՐԺԵՑԻՆ
«Ժառանգություն»-ը երեկ կուսակցության վարչության նիստում որոշեց մերժել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ չգնալ Բաղրամյան 26՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցության: Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը նախօրեից սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ խորհրդակցություններ է անցկացնում Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, բայց «Ժառանգությանը» հրավեր չէր ուղարկվել:

 

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ
Սահմանադրական բարեփոխումներին դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» շարժումը Հայաստանում եւ սփյուռքում դրամահավաք է սկսել՝ սեպտեմբերից մեկնարկող բողոքի ակցիաներն ավելի համակարգված կազմակերպելու համար: Գումարի սահմանափակում չկա, բայց քաղաքական կուսակցություններից հանգանակություն չեն ընդունելու:

 

ՍԹԱՓՎԵ՛Ք, ԳԺՈՒԿՆԵՐ
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը սեպտեմբերի 1-ից առաջ վարորդներին հերթական անգամ սթափության կոչ է անում, իսկ ծնողներին՝ զգուշավորության: Նա հայտարարեց, որ նոր ուսումնական տարվա մեկնարկին բոլոր դպրոցների, կրթահամալիրների մոտ ուժեղացված հսկողություն կսահմանվի, դպրոցներում կլինեն անչափահասների գծով տեսուչներ, եւ այդ ուժեղացված հսկողությունը կշարունակվի 1 ամիս: Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ին անվտանգ երթեւեկության մեկամսյակ է հայտարարելու:
«Բոլորիս ջանքերով պետք է հասնենք արդյունքի, ինչի համար կոչ եմ անում մանկավարժներին առաջին իսկ օրից սովորեցնել երթեւեկության կանոնները, նույնիսկ առաջին դասարանցիների մեջ պետք է սերմանել ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանելու կարեւորությունը, վարորդներին էլ կոչ եմ անում մեքենաները վարել սթափ վիճակում եւ լինել ավելի ուշադիր»,- ասաց Սարգսյանը:




Լրահոս