«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2015 թվականի հունիսի 15-ին Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում սպանված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործը հասավ իր տրամաբանական ավարտին:
Եվ այսպես, նշված օրը «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում հայտնաբերվել էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի դին: Պարզվել էր, որ նա 2014թ դեկտեմբերին էր տեղափոխվել Հայաստան՝ ծառայության անցնելու 102-րդ ռազմաբազայում: Իվանին սպանել էին դանակի մի քանի հարվածներով եւ մարմինը թողել հուշահամալիրի տարածքում եւ հեռացել: Դեպքի հաջորդ օրը սպանության գործով կալանավորվել էր նրա ծառայակիցը՝ 21-ամյա Իվան Բոսխոմջիեւը, որն էլ, ըստ ռուսական լրատվամիջոցների, ռուս իրավապահներին տված բացատրություններում ընդունել էր մեղքը՝ նշելով, թե Նովիկովին սպանել է, քանի որ անձնական հակակրանք է ունեցել նրա նկատմամբ:
Իսկ արդյո՞ք ճիշտ էին այս տեղեկությունը, թե ոչ, թերեւս ցույց կտա ռուս իրավապահների կողմից տարվող քննությունը: Նշենք, որ դեպքից հետո ՌԴ իրավապահները հարուցեցին քրեական գործ, հայկական կողմը եւս տեղի ունեցածի փաստի առթիվ հարուցեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն:
Եվ, ահա, հաշվի առնելով երկու երկրների միջեւ առկա համաձայնագիրը՝ դեպքից երկու օր անց ռուս իրավապահները գրությամբ դիմել էին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությանը` խնդրելով իրենց հանձնել վարույթում քննվող քրեական գործը:
Ու մինչ ռուս իրավապահները սպասում էին հայկական կողմի պատասխանին, հայաստանյան իրավական համակարգը՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ գլխավոր դատախազության, այդպես էլ չի կարողանում այս խնդրի շուրջ համաձայնության գալ: Բանն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեն հունիսի 16-ին սպանության գործը ուղարկել էր Շիրակի մարզի դատախազություն, որպեսզի վերջիններս էլ այն ուղարկեն ՌԴ իրավապահներին: Իսկ, ահա, դատախազությունը վարվել էր միանգամայն այլ կերպ. այն հետ էր ուղարկել քննչական կոմիտե: Ավելի ուշ պարզվեց, որ ռուս զինծառայողի սպանության գործը հսկող դատախազը գոհ չէր եղել քննչական գործողությունն իրականացնող մարմնից եւ համապատասխան ցուցումներով գործը հետ է վերադարձրել: Այս իրավիճակը կրկնվեց մի քանի անգամ:
Միջգերատեսչական այս գզվռտոցից մոտ մեկ ամիս անց «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՌԴ իրավապահները օրերս ՀՀ քննչական կոմիտեի գրությանը պատասխանել են՝ տրամադրելով 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի գործով անհրաժեշտ տեղեկությունները, որտեղ էլ, ըստ էության, ներկայացված է եղել, որ այս սպանության հետ ՀՀ որեւԷ քաղաքացի առնչություն չունի, չնայած դեպքը տեղի է ունեցել զորամասից դուրս եւ ՀՀ տարածքում, եւ թե ինչպես է կալանավորված զինծառայողը խոստավանել իր արարքը:
Արդյունքում՝ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեն ՌԴ իրավապահների գրությունը փոխանցել է ՀՀ գլխավոր դատախազությանը, ինչի արդյունքում էլ օրերս դատախազությունը ՌԴ իրավապահներին է հանձնել 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով ՀՀ իրավապահների կողմից կատարած քննչական գործողությունները եւ անհրաժեշտ այլ նյութերը: «Ժողովուրդ»-ը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից հաստատեցին, որ գործը փոխանցվել է ՌԴ իրավապահներին, եւ վերջ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՆՈՋ ԼՍԱԾԸ
Արդեն 7-րդ օրն է, ինչ իրավապահները փնտրում են «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի աշխատակից 38-ամյա Նելլի Հարությունյանին: Շուկայի աշխատակիցները չեն բացառում, որ Նելլիին սպանել են գումարի համար, իսկ, ահա, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կինը` Նունե Նալբանդյանը, ով առեւտրի կենտրոնի տնօրենն է, հայտնեց, որ լսել է՝ Նելլի Հարությունյանը վաճառած ոսկիների գումարը վերցրել եւ երկրից դուրս է գնացել:
Հիշեցնենք, որ Նելլին անհետացել է օգոստոսի 21-ին` ժամը 17:15-ի սահմաններում: Ըստ ոսկու շուկայի աշխատակիցների` Նելլին իր անհետացման օրը մոտ 10.000 դոլարի համարժեք առեւտուր է արել եւ այդ օրը գումարը վերցրել է իր հետ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կինը` Նունե Նալբանդյանը, ասաց. «Նելլին մեզ մոտ աշխատում է մոտ 5 տարի: Մենք, ճիշտ է, դեպքի օրը երկրում չենք եղել, սակայն, եթե այստեղ էլ լինեինք, չէինք կարող ասել, թե անհատ ձեռներեցը այդ օրը ինչքան գումար է աշխատել եւ ինչ գործունեություն է ծավալել: Կարող եմ ասել, որ նորմալ մարդ է եղել, որեւէ խնդիր իր հետ չի առաջացել: Հիմա քննություն է տարվում, իրավապահները մտերիմների հետ են խոսել: Մեր աշխատակիցներն են գնացել ոստիկանություն, պատմել Նելլի մասին, տեսնենք՝ ինչ կբացահայտվի»:
Անդրադառնալով այն վարկածին, որ միգուցե Նելլիին սպանել են՝ տեղյակ լինելով, որ նա մոտ 10 հազար դոլար գումար է աշխատել, Նունե Նալբանդյանը պատասխանեց. «Այո՛, նման դեպք եղել է, տարիներ առաջ շուկայի աշխատակիցներից մեկին եւս գումարի եւ ոսկու համար սպանել էին, բայց այսպիսի դեպքերը լինում են աշխատակիցների անզգուշության պատճառով: Մենք այստեղ ունենք բունկեր, որը 24 ժամ հսկվում եւ ոստիկանության կողմից պահպանվում է: Եթե իրենք ոսկիները չեն դնում բունկերը, ու կողքիններն էլ իմանում են, որ, ըհն, ինքը չդրեց, ուրեմն մոտը բան կա, այսպիսի դեպքեր են լինում: Նշեմ, որ դա նաեւ մարդու անձնական գաղտնիքն է՝ ինքը տարավ, դրեց գումարը բունկե՞ր, թե՞ իր հետ տուն տարավ: Կարծում եմ՝ իմացող է եղել, բայց նշեմ նաեւ, որ լսել եմ, թե Նելլին կանխամտածված է այդ օրը գումարները վերցրել իր հետ եւ գնացել: Քանի դեպքեր են եղել՝ մարդիկ վստահություն են ձեռք բերել ոսկու շուկայի աշխատակիցների մոտ, գումար, ոսկի են հավաքել մարդիկ, երեկոյան տոմս առել ու գնացել երկրից: Չի բացառվում, որ միգուցե նա էլ է այդպես արել: Հիմա քննություն է գնում, լսելով շատ բան կարող ենք ասել, տեսնենք՝ ինչ կբացահայտվի»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄՏԱՎ ԴԱՏԱՐԱՆ
Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ Սպարտակ Բաղդասարյանի եւ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Գրիգորյանի վերաբերյալ գործով նախաքննությունը շարունակվում է: Դատարան է ուղարկվել Թալինի՝ արդեն նախկին զինվորական կոմիսար, կոչումով մայոր Տիգրան Հայրապետյանի եւ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործը: Գործն ուղարկվել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Թալինի՝ արդեն նախկին զինկոմ Տիգրան Հայրապետյանի, Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սպարտակ Բաղդասարյանի, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Գրիգորյանի եւ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանի գործերն ուղարկվել են դատարան:
ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ
«Տրանսպորտի թանկացման խնդիրը ոչ թե քաղաքապետարանն էր տեսնում, այլ սպասարկող կազմակերպությունները, որոնք այդ հարցը բարձրացրել էին: Այդ հարցը քննարկվեց, որոշումը կասեցվեց, եւ ներկա պահին էլ մենք թանկացման խնդիր չունենք մեր առաջ դրված»,- այսօր, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին, ասաց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Նա անդրադարձավ նաեւ վերջերս աշխատանքից ազատված տրոլեյբուսների վարորդների խնդրին` հայտնելով, որ վարորդների բողոքը հիմնավորված չէր, քանի որ նրանք ուզում էին աշխատել մինչեւ երեկոյան ժամը 17:00-ն, ինչը, տրանսպորտի վարչության պետի խոսքով, հնարավոր չէ, քանի որ իրենք չեն կարող մարդկանց թողնել փողոցում:
Հիշեցնենք, որ տրոլեյբուսի վարորդները մի քանի օր գործադուլ էին հայտարարել եւ նշում էին, որ տնօրինությունն իրենցից պահանջում է աշխատել 14-16 ժամ, ինչը հնարավոր չէ: Տնօրինությունն էլ խզեց այն աշխատակիցների հետ պայմանագրերը, ովքեր հրաժարվում էին աշխատել այդ գրաֆիկով:
ՍՆԱՆԿԱՑԱՎ
Armtimes.com-ը գրում է՝ Գագիկ Ծառուկյանի ախոյան-սանիկ Արթուր Հարությունյանի «Կինգ Դելյուքս» ընկերությունը սնանկացել է դատարանի վճռով: Հայաստանի ներսում եւ դեպի Ռուսաստան բավական մեծ ծավալով ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունը սնանկ է ճանաչվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դեռ այս տարվա հունիսի 19-ին: Նշենք, որ Երեւան-Աբովյան գծի հետ կապված Արթուր Հարությունյանը չլուծված կոնֆլիկտ ունի Գագիկ Ծառուկյանի հետ: Նրա «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի՝ պահանջելով արգելել բարեգործական ուղեւորափոխադրումները, քանի որ դա անհավասար մրցակցություն է ստեղծում եւ խանգարում է իր բիզնեսին: Նշենք, որ «Կինգ Դելյուքս»-ին է պատկանում Երեւան-Նոր Հաճն գիծը սպասարկող 253 համարի երթուղայինը եւ Երեւան-Աբովյան 259 համարի ավտոբուսը: