Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվ քննարկվում է Սոչիի մաքսատանը «Արարատ իշխան» ընկերությանը պատկանող 200 կգ թառափի ոչնչացման մասին տեղեկությունը: Ըստ ռուսական կողմի՝ ձկան ոչնչացման պատճառը եղել է այն, որ ընկերությունը համապատասխան փաստաթուղթ չի ունեցել՝ դեպի ՌԴ ձուկ արտահանելու համար: Տեղի ունեցածը մտահոգության առիթ է դարձել հայ ձկնաբույծների համար. նրանք անհանգստացած են. մտավախություն ունեն, որ իրենք էլ կհայտնվեն նման իրավիճակում:
Հիշեցնենք, որ ՌԴ գյուղատնտեսական վերահսկող մարմինը՝ «Ռոսսելխոզնադզոր»ը, Սոչիի օդանավակայանում 200 կգ թառափ էր հայտնաբերել, որն արտահանել էր հայկական «Արարատ իշխան» ընկերությունը: Ըստ ռուսական կողմի՝ Հայաստանից արտահանող ընկերությունը չի ունեցել անհրաժեշտ փաստաթղթերը: Եւ մինչեւ ռուսական կողմը կուսումնասիրեր ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը, ձուկը փչացել է, եւ Սոչիի մաքսակետում 200 կգ թառափ տեսակի ձուկը ոչնչացվել է: Ռուսական կողմը պնդում է, որ արտահանողն ինքն է դիմում ներկայացրել՝ խնդրելով ոչնչացնել ապրանքը: Ընտրվել է տեղում այրելու տարբերակը, որովհետեւ միակ ձեռնարկությունը, որը զբաղվում է ապրանքների ոչնչացմամբ, Սոչիից հեռու է գտնվում:
Նշենք, որ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցելուց հետո միայն «Ռոսսելխոզնադզոր»-ի ցուցակում ընդգրկված ձեռնարկությունները կարող են մսեղեն ու ձկնեղեն ներմուծել ՌԴ: Ընկերություններն այդ ցուցակում կարող են ընդգրկվել էկոնոմիկայի նախարարությանը համապատասխան դիմում ներկայացնելուց հետո: Այս դեպքում ե՛ւ ընկերության ներկայացուցիչները, ե՛ւ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը համառորեն պնդում են, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը «Արարատ իշխան»-ն ունեցել եւ ներկայացրել է:
Այդ դեպքում ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ հայկական ձուկը ռուսական շուկա չի մտել, այլ ոչնչացվել է. այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Արարատ իշխան» ընկերության տնօրեն Արամ Մանուկյանի հետ: Վերջինս հայտարարեց, որ այս եւ նման տարբերակներով ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայ ձկնաբույծների համար: «Մենք բոլորս միասին հանդիպեցինք մեծ, շատ բարձր պատի, որն էլ կոչվում է ռուսական պատ: ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում մեզ համար, որի իմաստը չեմ հասկանում: Իրենք ինձ առաջարկեցին գնալ եւ հետ բերել այդ ձուկը, բայց ես դրամական միջոցներ չունեի, որպեսզի դրանք ՀՀ բերեի: Իրենք առաջարկեցին այրել, ես էլ տվեցի իմ համաձայնությունը: Մեր սննդամթերքի անվտանգության ծառայության պետից սկսած մինչեւ այդ կառույցի դռան պահակը պնդում են ու ապացուցում, որ մենք ճիշտ ենք: Այնպես չէ, որ իմ շահերը ՍԱՊԾ-ն չի պաշտպանում: Չեմ ցանկանում 200 կգ թառափով կամ իմ կորցրած գումարներով հայ-ռուսական հարաբերությունների մեջ թշնամանք առաջացնել, բայց դա պահվածք չէ»,- ներկայացրեց տուժած գործարարը:
«Ժողովուրդ»-ը Մանուկյանից հետաքրքրվեց՝ մտադրություն ունի՞ եւս մեկ անգամ ձուկ արտահանել դեպի ՌԴ: «Ես այս պահին չեմ կարող արտահանել: Այսօր ողջ ՌԴ-ն իմ դեմ է դուրս եկել, ինչպես կարող եմ արտահանել: Առաջին անգամ փորձեցի 200 կգ թառափ արտահանել, բայց արդյունքում կորցրեցի 1.5 մլն դրամ: Բայց սա միայն սկիզբն է, որովհետեւ դեռ որոշ վճարումներ պետք է անեմ: Այս գումարն է՛լ ավելի կմեծանա»,-պատասխանեց Մանուկյանը:
Ի դեպ, ընկերությունը չի ցանկանում ներքին շուկայում սպառել իր արտադրանքը, մտադիր է զբաղվել միայն արտահանմամբ: «Ի՞նչ եք կարծում, եթե ՌԴ-ն հրաժարվեց կենդանի թառափից, Անգլիան կընդունի՞ այն»,- հռետորական հարցադրում արեց մեր զրուցակիցը:
Ինչպես ՍԱՊԾ մասնագետների, այնպես էլ գործարարի համար առեղծված է 200 կգ թառափի ոչնչացման պատմությունը: Թեեւ տեղի ունեցածից հետո ընկերությունը հայտնվել է մի շարք դժվարությունների առաջ, այնուամենայնիվ, տնօրենը վստահեցրեց, որ չի հուսահատվել եւ շարունակելու է պայքարել: «Ժողովուրդ»-ը ՍԱՊԾ-ից տեղեկացավ, որ ծառայությունը ռուս գործընկերների հետ ներկայումս բանակցությունների մեջ է:
Բացի արտահանման հետ կապված խնդիրներից՝ ձկնաբույծները անհանգստացած են նաեւ ռուսական շուկայում մեծ տեղ գրաված թուրքական ձկնամթերքի փաստից:
Վաղինակ Հարությունյանը, ով 10 տարուց ավել է՝ ձկնաբուծությամբ է զբաղվում, այսօր ռուսական շուկայում թուրքական ձկնամթերքի ողողման պատճառով հայտնվել է ծանր դրության մեջ: «Բանն այն է, որ թուրքական իշխանը կամ թառափը ռուսական շուկայում ավելի էժան է, քան հայկականը: Մեր ապրանքը մրցունակ չէ: Բացի ՌԴ-ի կողմից իրականացվող արհեստական խոչընդոտները՝ կա եւս մեկ խնդիր՝ ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումները: Փոխարժեքն օր օրի նվազում է, բայց ռուսական շուկայում ապրանքը չի վաճառվում, իսկ առեւտուրը այնտեղ ռուսական ռուբլիով են իրականացնում: Արդյունքում մեր արտադրողները չեն համարձակվում մեծ քանակությամբ ձուկ արտահանել: Մինչդեռ թուրքական կողմը կարողանում է հաղթահարել իրենց դեմ ծառացած խնդիրները»,- լրացրեց ձկնաբույծը:
Ձկնաբույծների պնդմամբ՝ հենց այս խնդիրների պատճառով էլ այս տարի ձկնամթերքի արտահանման ծավալները զգալի նվազել են: Ահա ԵՏՄ-ի տված դրական պտուղները. ՀՀ քաղաքացիները միայնակ կանգնել են ՌԴ իշխանության «պատժամիջոցների» առջեւ, մինչդեռ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե ճարպիկ գործարարները կարող են դրսեւորվել. բայց ինչպե՞ս:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
Համացանցում հայտարարություն էր տարածվել այն մասին, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13-ին, Իջեւան քաղաքի «Իջեւան» հեռուստաընկերության տաղավարում տեղի կունենա մամուլի ասուլիս, որին հրավիրվում են սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջեւանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուները, քաղաքական եւ հասարակական կուսակցությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Իջեւանի գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ չի պատրաստվում մասնակցել ասուլիսին, քանի որ նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը 2011թ. դեկտեմբերին, երբ հանձնում էր իր պաշտոնական լիազորությունները, բարի չեղավ հանձնում կատարել, նույնիսկ ծառայողական ավտոմեքենաների անվադողերն էր փոխարինել հնամաշներով, նրա ծառայողական մեքենայի լուսարձակի լամպը չէր աշխատում, մեքենայի մեջ այնքան բենզին չկար, որ հասներ բենզինի լցակայան: Ենթադրվում է, որ ասուլիսը հենց Ներսիսյանն է կազմակերպել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
2000 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ
ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2015» զորավարժությանը մասնակցելու նպատակով օգոստոսի 22-ից ՌԴ-ում է գտնվում հայկական ստորաբաժանումը: Շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Շարահրապարակում բարձրացվել են մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի դրոշները, հնչել են պետական օրհներգերը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը, բարձրաստիճան ներկայացուցիչներ մասնակից երկրներից եւ այլք: Զորավարժության հմնական խնդիրների իրագործմանը զուգահեռ այս օրերի ընթացքում կազմակերպվել են նաեւ մարզական միջոցառումներ: Մասնակից պետությունների զինծառայողները միմյանց դեմ մրցել են տարբեր մարզաձեւերում, եւ մեր ստորաբաժանումը լավագույն արդյունքներով արժանացել է բազմաթիվ պարգեւների: Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժության նախապատրաստական փուլի ավարտից հետո, օգոստոսի 26-ին տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը, որի ընթացքում զորախմբերը գործել են համատեղ ու ներդաշնակ կատարելով առաջադրված խնդիրները: «Փոխգործակցություն 2015» զորավարժությանը մասնակցում են մինչեւ 2000 զինծառայողներ, 200 միավոր ավտոմոբիլային եւ զրահատանկային տեխնիկա, շուրջ 40 միավոր ավիացիա: ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈՒ զինծառայողներին ճգնաժամային պայմաններում առավել արդյունավետ գործելու, համընդհանուր սպառնալիքների դիմագրավմանը միասնաբար հանդես գալու հնարավորություն ընձեռող, արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջեւ փոխգործակցության եւ համատեղ գործողությունների ներդաշնակման ապահովմանը միտված զորավարժության վճռական փուլը տեղի կունենա օգոստոսի 28-ին: