5 ՄԻԼԻՈՆԻ ԱԽՈՐԺԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս քարոզարշավի ընթացքում լրատվամիջոց սնանկացնելու փորձերը կարծես թե արդեն ավանդույթ են դառնում: Նախ՝ «Ժողովուրդ» օրաթերթի եւ Խաչիկ Խաչատրյանի հայտնի պատմությունը, որտեղ գործարարն իր արժանապատվությունը, ի վերջո, գնահատեց 6 մլն 200 հազար դրամ, ապա «Ռադիո հայ»-ի ռուսաստանյան գործընկերոջ կողմից  համագործակցության պայմանագրի հանկարծակի խզումը` որպես պատճառ նշելով «Ռադիո հայ»-ի սեփականատեր Անդրիաս Ղուկասյանի քաղաքական գործունեությունը եւ դրանով իսկ «Ռադիո հայ»-ին զրկելով մոտ 40 տոկոս եկամուտից: Երեկ էլ հայտնի դարձավ, որ հերթական թիրախը 1in.am լրատվական կայքն է, իսկ «վիրավորվածները»՝ Ռոբերտ Քոչարյանը եւ իր որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Ի դեպ, նախկին նախագահն իր վիրավորված արժանապատվությունը գնահատել է 5 մլն դրամ:
Իսկ խնդրո առարկան 1in.am-ում 2012թ. նոյեմբերի 27-ին հրապարակված՝ «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտ»-ի հետ» վերնագրով հոդվածն էր, որտեղ ներկայացված էին 2000-2006թթ. ընթացքում  «Նաիրիտ»-ի  սնանկացման ու վաճառքի հետ կապված անօրինականությունների մասին տեղեկություններ: Կայքը նշել է նաեւ, որ «տեղեկություններ են հրապարակվում, որ «Նաիրիտ»-ում իր պաշտոնական կամ ոչ պաշտոնական բաժնեմասն ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը»՝ հավելելով, որ գործարանի վերջին սեփականաշնորհումը եղել է նրա պաշտոնավարման ծաղկուն շրջանում, եւ առանց Քոչարյանի համաձայնության նման շահութաբեր ընկերության հետ որեւէ գործարք հնարավոր չէր լինի իրականացնել:
Արդյունքում Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների ներկայացուցիչն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ընկերությունների հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով հերքել «Քոչարյանների պատիվն ու արժանապատվությունն արատավորող» տեղեկությունները եւ լրատվամիջոցից գանձել 5 մլն դրամ՝ միաժամանակ միջնորդելով կալանք դնել գույքի ու դրամական միջոցների վրա: Ինչպես եւ «Ժողովուրդ»-ի դեպքում, դատարանը հունվարի 15-ին հայցը բավարարել է մասնակի՝ 5 մլն դրամ արգելանք դնելով ընկերություններին պատկանող գույքի վրա:
Պատմությունը կարծես թե կրկնվում է, եւ հիմա որքան էլ ոմանք պնդեն, թե այստեղ քաղաքական ենթատեքստ չկա, այնուամենայնիվ, դժվար է չհիշել, որ 1in.am-ի սեփականատեր Արման Բաբաջանյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին բազմիցս քաղաքական հետապնդումների է ենթարկվել եւ տեւական ժամանակ ազատազրկվել:
Իսկ այս ընթացքում Սերժ Սարգսյանը շարունակում է խոսել «ապահով» Հայաստանից, խոսքի ազատությունից եւ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների իբրեւ թե բացակայությունից:

Կ. ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս