ԱՏԱՄՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԱՏԱՄ ՊԼՈՄԲԵԼՈՎ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ատամնաբույժները բողոքի ակցիա կազմակերպելու նպատակով հավաքվել էին Ամերիկյան համլսարանի բակում, որտեղից մտադիր էին երթով շարժվել Շահումյան հրապարակ: Սակայն եղանակի վատթարացման պատճառով նրանցից շատերը չէին եկել,  այդ պատճառով էլ ակցիան հետաձգվեց: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ատամնաբույժներն իրենց զայրույթը հայտնեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա ելույթի վերաբերյալ, որում մասնավորապես ասվել է, թե մեկ ատամնաբուժական բազկաթոռի համար 80.000 դրամ վճարելը մեծ հարկային բեռ չէ, հակառակը` ցածր է տաքսիստների համեմատ:
Ըստ վարչապետ Տիգրան  Սարգսյանի՝  ատամնաբուժության ոլորտը, լինելով շահութաբեր, միաժամանակ ամենացածր հարկային բեռն ունի եւ գտնվում է ստվերում: Նրա համոզմամբ՝ օրենքի դեմ բողոքողները հիմնականում բիզնեսի կազմակերպիչներն են: Այնուամենայնիվ, ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարված է կրկին հաշվարկել ատամնաբույժների համար սահմանված արտոնագրային վճարը: Հիշեցնենք, որ ատամնաբույժները դժգոհում են տարեսկզբից ուժի մեջ մտած «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխություններից, որով կտրուկ ավելանում են հարկային պարտավորությունները: Ըստ նոր օրենքի` այսուհետ երեք բազկաթոռ ունեցող ատամնաբուժարանները յուրաքանչյուր բազկաթոռի համար կվճարեն 80 հազար դրամ (197 դոլար) նախկին 15.000-20.000 դրամի (37-49 դոլար) փոխարեն:
Ատամնաբուժական կլինիկայում ֆինանսական գծով աշխատող Ռաֆայել Ահարոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շարունակեց պնդել, որ սխալ կարծիք է տարածվել այն մասին, որ ատամնաբույժները չեն ուզում հարկ վճարել, հակառակը` նրանք չեն հրաժարվում հարկ վճարելուց. «Մեզանից ոչ ոք չի ասում, որ ստոմատոլոգիայի մեջ ստվեր չկա: Այս ամենը տանում է դեպի մենաշնորհ: Նախ նշեմ, որ ոչ մեկի հետ քննարկումներ չեն եղել: Առողջապահության նախարարությունից մեզ փոխանցել են, որ իրենց կողմից բազկաթոռի համար վճարվող գումարի չափը ներկայացվել է 30 հազար դրամ, սակայն երբ այն հասել է Ազգային ժողով, դարձել է 80 հազար: Ինչո՞ւ է միջին բիզնեսի վրա անընդհատ հարկն ավելացվում, բայց օլիգարխների վրա չի տարածվում: Չենք նկատում: Ավելին, փոխարենը ո՛չ մարդկանց աշխատավարձն է ավելանում, ո՛չ էլ թոշակը, ընդամենը հարկերը: Եվ երկու ամսից էլ կսկսվի արտաքին պարտքերի ավելի մեծ չափերով մուծումը, ու ենթադրում եմ, որ դրա համար է արվում այս ամեն ինչը»: Մեր զրուցակցի  համոզմամբ՝ պետությունն ընդամենը պետք է չափանիշներ սահմանի եւ թողնի, որ շուկան ինքնուրույն զարգանա, ինչպես ատամնաբուժության ոլորտում եղավ: «Հիմա այն արդեն զարգացել է, եւ նրանք ուզում են վերցնել իրենց ձեռքը, այսինքն՝ պատրաստի բիզնեսին են ցանկանում տիրանալ: Թող այլ կերպ պայքարեն ստվերի դեմ»,-վրդովված նկատեց նա:
15 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ատամնաբույժ Արման Գեւորգյանի խոսքով՝ այս օրենքի հետեւանքով առաջին հերթին տուժելու է հասարակությունը. «Խեղճ ժողովուրդն ի՞նչ է անելու: Հաշվի չի առնվել այն խավը, որը կազմում է բնակչության 80 տոկոսը, որն ի վիճակի չէ վճարել ատամնաբուժական ծառայությունների դիմաց: Ո՞վ է մտածելու նրանց մասին: Եթե կառավարությունը չընդառաջի մեզ, ապա մենք մտադիր ենք աշխատանք փնտրել այլ երկրներում: Պատրաստվում է կերամիկայից մի շապիկ, որի վրա աշխատում է բժիշկն իր աշխատակազմով, տեխնիկական լաբորատորիան, բայց հիմա, չգիտես թե ինչու, հարկը վերցնելու են բժշկից, տեխնիկից, ռենտգեն անող աշխատակցից: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում: Ամեն մեկից վերցնում են: Ովքե՞ր են այդ օրենքն ընդունել: Աբսուրդ է»:
Իսկ մեկ այլ ատամնաբույժ՝ 21 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Մարինե Կարապետյանը, առաջարկում է նախ ոլորտը մաքրել, հետո օրենքներ ստեղծել ու ընդունել: «Ուզում են հսկե՞լ ոլորտը. թող առաջին հերթին մաքրեն այն անգրագետ մասնագետներից: Դպրոցն ավարտած մարդը հարցազրույցով է ընդունվում մասնավոր ուսումնարան ու այդ կարճ ժամանակահատվածում ատամնաբույժի որակավորում ստանում: Ասում են, թե զինվորը վազքի ժամանակ ընկավ մահացավ, բայց որեւէ մեկը մտածո՞ւմ է, թե առողջ երեխա մեծացնելու համար նախ որտեղից պետք է սկսեն… ատամից: Բայց մինչ օրենք ընդունելը պետք է գոնե ոլորտի ներկայացուցչի հետ քննարկեին: Ախր, ստոմատոլոգիան միայն պլոմբելով չէ: Ամենացավալին այն է, որ երկրի համար կարեւորագույն օրենքներ ընդունելուց կամ ստեղծելուց առաջ խորությամբ չեն ուսումնասիրում ոլորտը»,-պարզաբանեց տիկին Մարինեն:
Նրա պատմելով՝ հիմա ատամնաբուժարաններում «ատամնաբուժական բազկաթոռները քանդած, փաթաթած ու սկոչած են»: «Շատ տխուր տեսարան է: Գալիս են հարկայինից ու հաստատագրում դրանք: Եթե պաշտոնյաները կարծում են, որ մինչ այդ ստվերը մեծ էր, ապա թող գնան ու ինքնաբացարկ հայտարարեն, որովհետեւ լավ չեն աշխատել: Ո՞վ է դրա համար մեղավոր»,-զայրացած ավելացրեց նա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս