Խաչիկյանների ընտանիքը բաց նամակով դիմում է Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին՝ խնդրելով օժանդակել, որպեսզի իրենց 4 անչափահաս երեխաների համար տուն կառուցեն:
«Մեծարգո՛ պարոնայք, 14 տարի ապրում ենք վարձով, ունենք 4 անչափահաս երեխա, նրանցից մեկը հաշմանդամ է, տառապում է ՄՈՒՊ (մանկական ուղեղային պարալիզ) հիվանդությամբ: Սոցիալական ոչ մի ծրագրից չենք օգտվում: Ընտանիքում միակ աշխատողը ես եմ՝ ընտանիքի հայրը, եւ աշխատում եմ՝ համատեղելով մի քանի հիմնարկում: Երազելով ունենալ սեփական օջախ՝ տարիներ առաջ ձեռք ենք բերել փոքրիկ հողակտոր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, սակայն շինարարությունը չենք կարող սկսել, որովհետեւ չունենք հողատարածքի սեփականաշնորհման վկայական եւ շինարարության թույլտվություն:
Պարզ եւ հասկանալի է, որ մեզ բնակարան չեք նվիրի, սակայն հուսով ենք, որ հնարավոր կհամարեք մեր ընտանիքն ընդգրկել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրում՝ անտեսելով այն հանգամանքը, որ մեր տարիքը՝ 39+39, չի համապատասխանում ծրագրում նշվածին եւ ղեկավարվելով այն փաստով, որ մենք արդեն կայացած, բազմազավակ ընտանիք ենք: Եթե հնարավոր չհամարեք մեր ընտանիքն ընդգրկել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրում, ապա խնդրում ենք պետական աջակցություն ցուցաբերել այդ փոքրիկ հողակտորի (150 քմ) սեփականաշնորհման հարցում՝ տալով տնամերձ հողատարածքի կարգավիճակ: Այսպիսով՝ ունենալով սեփականության վկայական՝ հեշտացված շինթույլտվություն ստանալուց հետո մենք իրավունք կունենանք դիմելու որեւէ բանկ` շինարարական վարկ ստանալու համար եւ կկարողանանք սեփական ուժերով կառուցել տուն մեր երեխաների համար: Նախօրոք շնորհակալ ենք»:
բնակվող Խաչիկյանների բազմանդամ ընտանիքից