«ԴՐՍՈՒՄ ՄԵՂՐ ՈՒ ԿԱՐԱԳ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիթառահար ԿԱՐՈ ՍԱՐԱՖՅԱՆԸ մտածում է դրսում ապրելու եւ աշխատելու մասին, իր ձայնի ուժին այդքան էլ չի հավատում, բայց եւ այնպես ընտրություններին անպայման կմասնակցի:
-Լսել եմ՝ կիթառի դպրոց եք բացում:
-Դպրոց բացելու նպատակ վաղուց ունեի, վերջերս էլ ստացվեց այնպես, որ տարածք ձեռք բերեցի: Ուզում եմ հավաքել 40-50 աշակերտ, որ դասերը սկսվեն: Տարիքային սահմանափակում չկա, պարապմունքները կսկսվեն մարտ ամսից: Կդասավանդեն պրոֆեսիոնալ մասնագետներ, ուսումնական ամբողջ պրոցեսը կլինի իմ հսկողության տակ:
-Ուսման վարձն ինչքա՞ն է լինելու:
-Մոտավորապես 30.000 դրամ: Շաբաթական 2 անգամ կիթառի դասեր, 1 անգամ էլ սոլֆեջիո:
-Չե՞ք կարծում, որ մի քիչ թանկ է:
-Ձեր կարծիքն ինձ հետաքրքիր է, եթե այդպես եք կարծում, ես հաշվի կառնեմ: Ես դրսում եղել եմ բազմաթիվ անգամներ: Ամերիկայում հազարավոր դոլարներ են վճարում երաժշտության դասընթացների համար: Միայն մի անգամ կիթառի դասը 100-200 դոլար արժի:  
-Հայաստանի պայմաններն այլ են, այստեղ շատ ծնողներ նույնիսկ 8000 դրամ չեն կարողանում վճարել, որ իրենց երեխան պարի գնա:
-Ես դա էլ եմ հասկանում, պարզապես ուրիշ տարբերակ չեմ գտնում, 30.000-ից ցածր իմաստ արդեն չկա: Ես պետք է վճարեմ ե՛ւ այն տարածքի համար, որ բանկով գնել եմ, ե՛ւ դասատուներին… Երբ ծախսերը հաշվում ես, օգուտի մասին անգամ չես էլ մտածում…
-Գո՞հ եք Ձեր այսօրվա սոցիալական կարգավիճակից:
-Դե որ գոհ չլինեմ, ի՞նչ պիտի անեմ: Սուտ կլիներ, որ ասեմ՝ լավ վաստակում եմ, ուղղակի հարմարվել ենք, յոլա ենք գնում, մեր հայրենիքն է: Հետո էլ մարդ իր էությամբ էնպիսինն է, որ իր համար ամեն ինչ քիչ է, շատին է ձգտում: Ուզում ես միլիարդներ ունեցիր, մեկ է` քիչ է լինելու: Ծախսերն ու խնդիրները շատ են, որքան գումար, այնքան խնդիր: Եթե քչով չբավարարվես, շատով էլ չես բավարարվի:
-Իսկ որպես արվեստագետ՝ ըստ արժանվույն գնահատվո՞ւմ եք Ձեր երկրում:
-Չէի ասի: Այսօր բավականաչափ գնահատվելու համար պետք է ուրիշ արժեքներ ունենաս, որ կարողանաս քծնել, շողոքորթել մարդկանց, նրանց մասին լավ բաներ խոսել, որ գործերդ առաջ տանես: Ես այսօր նույնիսկ վաստակավորի կոչում չունեմ: 36 տարի է՝ այս արվեստով եմ զբաղվում, 17 տարի Օրբելյանի օրկեստրում եմ նվագել, հիմա էլ մեր երգիչներից շատերի հետ տարբեր համերգների, շրջագայությունների ու ձայնագրությունների եմ մասնակցում:
-Այս 36 տարիների ընթացքում ոչ մի մեդալ, կոչում չե՞ք ստացել:
-Նման բան չի եղել: Եթե ես մի քիչ իմ դեմքը փոխեի, հաստատ կտային ինչ-որ բաներ, բայց ես չեմ կարող ծառայել որոշ մարդկանց, ձեռնարկություններին: Նախընտրում եմ անկախ լինել, թող առանց կոչում: Ես ինձ միշտ էլ համեստ եմ պահել, իմ գործն եմ արել, իմ ընտանիքն եմ պահում, փառք Աստծո, ամեն ինչ լավ է: Ես միայն մի բանից եմ նեղվում, որ այսօր մատուցվող երաժշտությունը շատ անորակ է: Բարեփոխումներ անելու համար էլ պետք է կառավարությունը միջամտի, որ ամեն մի կեղտ չմտնի հեռուստատեսություն ու ռադիո: Ո՞նց կարելի է, չէ՞ որ հենց դրանք պետք է դաստիարակչական ֆունկցիա կատարեն: Բայց արի՛ ու տես, որ միայն փող աշխատելու մասին են մտածում, թքած ունեն ազգի վրա: Էսօրվա էրեխեն փոքրուց սկսում է լսել այս կեղտոտ երաժշտությունը: Իմ երեխաները ռաբիս երաժշտություն չեն լսում, վատ սերիալներ չեն նայում:
Մեր տանը երաժշտական մթնոլորտ է: Այս տարի տղաս կոնսերվատորիան ավարտեց, ցավոք, դեռ գործ չունի: Աշխատատեղերը միայն ռեստորաններ են, որտեղ անորակ երաժշտություն է հնչում, ինքը չի կարողանում մոտենալ դրան: Որդիս ցանկություն ունի երկրից դուրս գնալ, կայանալ: Կրտսեր դուստրս էլ երգում է, որոշել է համաշխարհային աստղ դառնալ, լուրջ պարապում է Նադեժդա Սարգսյանի ստուդիայում: Որպես հայր չեմ ասում, այլ երաժիշտ, զգում եմ, որ շնորհքով է, հակառակ դեպքում դեմ կլինեի:  
-Փաստորեն, Ձեր որդին ցանկություն ունի երկրից գնալ, իսկ Դո՞ւք:
-Ե՛վ իմ, ե՛ւ իմ ընտանիքի մտքին կա դրսում աշխատելու, ապրելու գաղափարը: Բայց եթե ճիշտը խոսենք, դրսում էլ մեղր ու կարագ չեն բաժանում, ամեն տեղ էլ դժվարություններ կան: Ինքս 150 երկրներում եղել եմ, կարող եմ համեմատել: Հայաստանը մեր հայրենիքն է, մենք մեր քայլերն այստեղ ավելի հաստատուն ենք անում, գետնի վրա ամուր կանգնում, ոչ ոք չի կարող ասել՝ սա քոնը չէ, դու օտար ես:
-Մոտենում են նախագահական ընտրությունները, մասնակցելո՞ւ եք:
-Իհարկե, որպես յուրաքանչյուր նորմալ քաղաքացի:
-Ի՞նչ կփոխի Ձեր ձայնը եւ արդյոք կփոխի:
-Այսքան տարի է՝ իմ ձայնը ոչինչ չի փոխել, էլի կասկածում եմ, որ կփոխի: Պարզապես քաղաքացիական պարտքս կատարելով` կգնամ ու կընտրեմ:
-Կա՞ մի թեկնածու, ում քիչ թե շատ վստահում եք:
-Ես դրա մասին չէի ցանկանա խոսել:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս