Armlur.am-ը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկանում է, որ Ռուսաստանի Ռոստովի մարզի գյուղերից մեկում հաշվեհարդարից սպանված 22 ամյա հայազգի Ռաֆայել Խլղաթյանի սպանության դեպքի կապակցությամբ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել ՌԴ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Էլլա Պամֆիոլովային` խնդրելով հետամուտ լինել նշված գործի օբյեկտիվ քննության հարցում‚ ինչպես նաև օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել սպանվածի ընտանիքի անդամների անվտանգության ապահովման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստովի գյուղերից մեկի բնակիչները հաշվեհարդար են տեսել հայազգի վարորդ Ռաֆայել Խալղաթյանից, ում միակ մեղքը եղել է ավտովթարի մեջ մեղավոր լինելը: Ինչպես գրում է «Մոսկովսկիյ Կոմսոմոլեցը», հայազգի վարորդի մեղքով վթար է գրանցվել 5 մեքենաների մասնակցությամբ: Վթարից հետո մեքենաների վարորդները դաժանորեն ծեծի են ենթարկել հայազգի վարորդին: Ավելի ուշ Ռաֆայելը մահացել է հիվանդանոցում գանգուղեղի արյան զեղումից:
Միջադեպը գրանցվել է գյուղի օրվա կապակցությամբ տոնակատարությունների ժամանակ: Հաշվեհարդարի մասնակիցներ են դարձել մի քանի տասնյակ մարդ: Դրանք ոչ միայն տեղացիներ, այլ նաև հարևան շրջանից հյուրեր են եղել: Սկզբում տեղեկացվում էր, որ դաժան հաշվեհարդարին մասնակցել է 300 մարդ, սակայն այնուհետև Քննչական կոմիտեից պարզաբանել են, որ մարդկանց թիվը շատ ավելի քիչ է եղել: