«Ազատությունը չունի այլընտրանք». Սերժ Սարգսյանի ուղերձը` ԼՂՀ անկախության տոնի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ։ Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ:

Արցախի անկախության օրը համայն հայության մեծ տոնն է, բայց առաջին հերթին ձեր` արցախցիներիդ տոնն է: 1991 թվականի նվիրական այս օրը` անկախության հռչակմամբ բռնության ու բռնապետության ճիրաններից, ազգային ու կրոնական խտրականության, հալածանքների ու ջարդերի, ստի, կեղծիքի ու հակահայկական ռասիստական քարոզչության ճիրաններից դուրս բերվեց հայության տառապյալ, բայց նաև հերոսական հատվածներից մեկը: Եվ դա արեցիք դուք:

Այդ պատմական քայլով ոչ թե ավարտվեց, այլ նոր հանգրվան թևակոխեց բոլորիս պայքարը հանուն սեփական տանն արժանապատվորեն ապրելու իրավունքի, հանուն մարդկային ու ազգային իրավունքների: Արցախցին կռվի դաշտում պաշտպանեց իր և իր զավակների կյանքը, փրկեց իր և իր զավակների ապագան:

2015 թվականին` Մեծ եղեռնի 100-ամյակի տարում, երբ մենք ոգեկոչում ենք մեր՝ արդեն սրբադասված նահատակների հիշատակը, ազատ, նորոգ ու հպարտ Արցախը նոր` ավելի խոր իմաստ ու արժեք է ստանում բոլորիս համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Օր օրի աշխարհում ավելի ստվարանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի բարեկամների շարքերը: Օր օրի բարձրանում է ազատության ու ժողովրդավարության ճանապարհով անշեղորեն ընթացող Արցախի միջազգային հեղինակությունը: Դա արդյունքն է ձեր արդար ու ստեղծագործ աշխատանքի, պետականաշինության և բանակաշինության ասպարեզներում ձեր արձանագրած հաջողությունների:

Կրկին շնորհավորում եմ այս փառապանծ տոնի առթիվ` կրկնելով հին ու իմաստուն կարգախոսը. «Ազատությունը չունի այլընտրանք»:




Լրահոս