ՀԱԿ-ի շուրջ մաքոքային զարգացումները շարունակվում են: Ինչպես տեղեկացնում են “Հրապարակի” աղբյուրները` Տեր-Պետրոսյանի կուսակցություն ստեղծելու հանկարծահաս արագությունը պայմանավորված էր նույն ՀԱԿ-ը փրկելու մտահոգությամբ, որովհետև վերջինս հասկանում էր, որ ընտրություններից հետո ՀԱԿ-ից ոչինչ չի մնա: Մյուս կողմից էլ, Տեր-Պետրոսյանը դրանով ՀԱԿ-ում նոր “իշխանության” ձևավորման գործընթացը կանխեց: Եվ, այնուհանդերձ, ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գործընթացը հարթ չի ընթանում: Նախ, իրավական խնդիրներ կան. նախաձեռնողների այն խումբը, որը դիմել է արդարադատության նախարարություն` նոր կուսակցություն գրանցելու համար, խոցելի է, որովհետև ստորագրածների թվում այլ կուսակցության, կոնկրետ դեպքում ՀՀՇ-ի ներկայացուցիչներ կան` Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՀՇ փոխնախագահ Սամվել Աբրահամյան, Աշոտ Սարգսյան, ինչը հակասում է “Կուսակցությունների մասին” ՀՀ օրենքի դրույթներին: Ըստ նույն աղբյուրների` կուսակցություն մտնել ցանկացողների մի մասն էլ Հայաստանում չէ, խոսքը “Հայոց հայրենիք” կուսակցության մասին է, որի ղեկավար պարոն Բակլաչյանը Կրասնոդարում զբաղված է բիզնեսով: Խնդիրներ կան նաև կուսակցության ղեկավարի հարցում, ճիշտ է, նոր ՀԱԿ-ը ձևվում է Լևոն Զուրաբյանի “հագով”, և արդարադատության նախարարությանը դիմած խումբը “ղեկավարում” է նա, այնուհանդերձ, Տեր-Պետրոսյանի մերձավորները հույսները չեն կորցնում, որ ոչ թե Զուրաբյանը, այլ Տեր-Պետրոսյանի քարտուղար Ավետիս Ավագյանը կղեկավարի կուսակցությունը:
Հրապարակ. Մաքոքային զարգացումներ ՀԱԿ-ում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ