Հայկական ժամանակ. Կրկին գնդակոծություն Տավուշում. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ” օրաթերթը գրում է, որ երեկ Տավուշի մարզի Մովսես գյուղի մարտական դիրքերից մեկում` “Շուրայի պավարոտում”, հակառակորդի բացած հրազենային կրակից վիրավորվել է պայմանագրային զինծառայող: 
Լուր էր տարածվել, որ սահմանապահը զոհվել է, սակայն Բերդի բժշկական հոսպիտալից “ՀԺ”-ին տեղեկացրել են, որ զինծառայողը վիրավոր է: Այլ տեղեկություն հոսպիտալից հրաժարվել են հայտնել: Երեկ Տավուշի սահմանամերձ գյուղերում դա միակ միջադեպը չի եղել: Առավոտյան ժամերից սկսած, մինչև կեսգիշերն անց, կրակոցներ է եղել Բերդի տարածաշրջանի սահմանի երկայնքով, գնդակոծության են ենթարկվել Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես գյուղերը: Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ է բացել ժամը 15-15:30-ից սկսած: 
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հայտնել է, որ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից կրակ է բացել գյուղացիներից մեկին պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ, որտեղ եղել է նրա ընտանիքը: Բարեբախտաբար վնասվել է միայն մեքենայի առաջամասը, ուղևորները հասցրել են թաքնվել: Հակառակորդի կրակից վնասվել է նաև գյուղի գազատար խողովակը, հրդեհ է բռնկվել, գազամատակարարումը կես ժամով ընդհատվել է: Սամվել Սողոյանն ասել է, որ գյուղի և դիրքերի վրա ,աշխատումե են նաև ադրբեջանական նշանառուները:
“Մարդիկ անհանգիստ վիճակում են: Գյուղի երիտասարդները գյուղամիջում հավաքված են, քննարկում են: Նապաստակի նման` մի աչքը բաց, մեկը փակ, ապրում ենք”,- ասել է համայնքի ղեկավարը: Այգեպարում կրակոցները սկսվել են առավոտից: Այս մասին թերթը տեղեկացել է համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանից: “Տարբեր տրամաչափի զենքերով են կրակում: Տանիքների վրա են կրակում, խփածը պայթում ա: էս պահին ոչ մեկը տնից դուրս չի գալիս, բոլորը տներում են, մեքենա չի կարողանում դուրս գա, ոչ էլ լույս ենք կարողանում վառել: Ժողովուրդը թաքնված է նկուղներում”.-պատմել է Այդինյանը:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ նշել է, որ կեսգիշերից երկու ժամ առաջ հակառակորդը սկսել է գնդակոծությունը և ժամը 23:50-ի դրությամբ շարունակվում է: Կրկին գնդակոծությունների թիրախը գյուղի տներն են:
“ՀԺ”-ն նշում է, որ Շամշադինի տարածաշրջանը 184 կմ երկայնքով սահման ունի Ադրբեջանի հետ, և նման դեպքեր լինում են տարվա մեջ մի քանի տասնյակ անգամ: Գյուղացիներից մեկը, ում անունը թերթը չի նշում, իր թղթակցին ասել է, որ ամեն անգամ գնդակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվում: Հատկապես, երբ թիրախը տներն են, հաճախ են կտուրները բռնկվում: Մի քանի համայնքներ դիմել են պետական մարմիններին, այդ թվում` Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, խնդրելով, գոնե յուրաքանչյուր թաղամասին մի քանի հատ կրակմարիչներ տան, հրդեհները մարելու համար: Տավուշի մարզպետը, ով նաև մարզի քաղպաշտպանության շտաբի պետն է և Սերժ Սարգսյանի կամ Սեյրան Օհանյանի այցերի ժամանակ գնդապետի համազգեստ հագնելով մեկնում է սահման, խնդրանքն անարձագանք է թողել:
 




Լրահոս