Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը չի ուշանա. Վահե Էնֆիաջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի լիազոր ներկայացուցչի և Բարգավաճ Հայաստան խմբակցության ներկայացուցիչների  հանդիպումը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղի է ունեցել արդյունավետ և բովանդակային քննարկում:

«Մենք ներկայացրինք նախագծի վերաբերյալ մեր առաջարկություններն ու մտահոգությունները:  Քննարկմանը ներկա էին  խմբակցության պատգամավորները,  իրավագետներ և ոլորտի առաջատար  մասնագետներ: Չնայած քննարկումը բավական երկար տևեց՝ մոտ երկու ժամ, սակայն չհասցրինք  բոլոր վիճահարույց կետերը քննարկել:  Քննարկումը եղել է միայն իրավաբանական և բովանդակային բնույթի, քաղաքական հարցերի քննարկում չի եղել»,- ասաց Էնֆիաջյանը:

Նրա խոսքով` դեռ կան որոշ կետեր, որոնց վերաբերյալ քննարկումները շարունակվում են. «Այս դեպքում կարևորն այն է, որ կա փոխըմբռման պատրաստակամություն»:

Հարցին` հանդիպումը որևէ ազդեցություն ունեցե՞լ է  ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման  վրա, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ինչպես նշեցի, քննարկումը եղել է զուտ իրավաբանական և բովանդակային բնույթի, կուսակցության դիրքորոշման վերաբերյալ   քննարկում չի եղել: Հավատացնում եմ Ձեզ, որ մեր պաշտոնական դիրքորոշումը չի ուշանա: Սահմանադրությունը լուրջ փաստաթուղթ է, և մենք մինչ մանրակրկիտ չուսումնասիրենք նախագիծը, պաշտոնական հայտարարությամբ հանդես չենք գա:  Նախագիծն ուղարկվել է նաև ԲՀԿ տարածքային կառույցներին, մենք սպասում ենք նրանց դիտարկումներին և առաջարկներին, որից հետո համադրելով  խմբակցության, տարածքային կառույցների, փորձագետների և  սահմանադրագետների տեսակետները, մենք կհայտարարենք մեր դիրքորոշումը»:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս