Armlur.am-ն արդեն հայտնել է, որ օգոստոսի 31-ին Ռուսաստանի Դոնի Ռոստովի գյուղերից մեկի բնակիչները հաշվեհարդար են տեսել հայազգի վարորդ Ռաֆայել Խալղաթյանի հետ, ում միակ մեղքը եղել է ավտովթարի մեջ մեղավոր լինելը: Ինչպես գրում է «Մոսկովսկիյ Կոմսոմոլեցը», հայազգի վարորդի մեղքով վթար է գրանցվել 5 մեքենաների մասնակցությամբ: Վթարից հետո մեքենաների վարորդները դաժանորեն ծեծի են ենթարկել հայազգի վարորդին: Ավելի ուշ Ռաֆայելը մահացել է հիվանդանոցում՝ գանգուղեղի արյան զեղումից:
Armlur.am-ին հաջողվեց կապ հաստատել սպանված հայազգի երիտասարդի կնոջ` Վիկտորիա Լուկաշևայի հետ, և կատարվածի շուրջ նրան մի քանի հարց ուղղել:
-Տիկին Լուկաշևա, ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ դեպքի պահին Ձեր ամուսինն ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Ճի՞շտ են արդյոք այս լուրերը:
-Այո’, ճիշտ են: Ամուսինս հարբած է եղել այդ ժամանակ:
-Ձեր կարծիքով ինչո՞ւ են մարդիկ այդ աստիճան ագրեսիվ եղել Ձեր ամուսնու նկատմամբ:
-Չեմ հասկանում` ինչու են մարդիկ իրենց այդպես պահել: Եվ ընդհանրապես, որևէ մեկը չի կարող դա բացատրել: Ամուսնուս բոլորը ճանաչում ու հարգում էին:
-Իսկ ի՞նչ վիճակում է գտնվում Ձեր ամուսնու հայրը: Դեպքի ժամանակ նա ևս այնտեղ է եղել, ոստիկանին հաջողվել է դուրս բերել նրան զայրացած ամբոխի միջից:
-Նա հիմա հիվանդանոցում է` բժիշկների հսկողության տակ: Այս պահին դեռ չենք հասկանում` ինչ է կատարվել. ոչինչ չենք հասկանում:
-Իսկ քանի՞ ձերբակալված կա այս պահի դրությամբ: Երեկ լուրեր շրջանառվեցին, որ երեքն են:
-Չգիտեմ, անկեղծ ասած: Հիմա նման հարցերով չեմ հետաքրքրվում:
Հավելենք, որ ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ այս պահին մի քանի տասնյակ քաղաքացի է հետախուզվում, երեքը ձերբակալվել է: Թե ինչն է մարդկանց դրդել այդ աստիճան ագրեսիվ և անհանդուրժող լինել, դժվար է ասել:
Զրուցեց Տաթև Հարությունյանը