Փետրվարի 1-ին պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը շատ բուռն է անցել: Բանն այն է, որ նիստի ժամանակ քննարկվել է ՀՀ դատախազների համար նոր համազգեստ պատվիրելու հարցը, որը, ըստ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, պետք է լինի երկու “տեսակի”: “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ երկու տեսակի համազգեստ ունենալու գաղափարը հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ուրախությամբ չի ընդունել, ինչի առիթով զրուցեցինք վերջինիս հետ:
–Պարո՛ն Հարությունյան, տեղեկություններ կան, որ դատախազների համար զգեստ պատվիրելու միտքը Ձեր հանձնաժողովի անդամներին դուր չի եկել, ու հարցը լարված մթնոլորտում է քննարկվել: Ինչի՞ց են դժգոհում հանձնաժողովի ներկայացուցիչները:
-Նախ՝ բուռն չէի անվանի, քանի որ ամենահանգիստ քննարկվող հարցերից մեկն է եղել այդ հարցը: Մեր հանձնաժողովում ավելի բուռն քննարկումներ են եղել: Իսկ հարցը շատ ծայրահեղ պարզ է, դեռեւս ամրագրված չէ, որ պետք է երկու համազգեստ լինի: Խնդիրն այն է, որ մենք եւ գործադիր իշխանությունը կարծես համակարծիք ենք, որ դատարանի դահլիճում այդ համազգեստը չի կարող օգտագործվել, եւ հնարավոր երկու լուծումների մասին ենք մտածում: Մի լուծումը, որին ես ավելի հակված եմ, որ իրենք դահլիճում ավելի սովորական, այսինքն՝ ֆորմալ համազգեստով լինեն: Կա այլ մոտեցում. դատարանի դահլիճի համար մշակել հատուկ համազգեստ, որը դարձնել պարտադիր պահանջ ե՛ւ փաստաբանների, ե՛ւ դատախազների համար: Երկու մոտեցումներն էլ կան, եւ մենք հանգել ենք այն եզրակացության, որ դրանք կքննարկենք առաջիկա նիստում:
-Տեղեկացանք նաեւ, որ համազգեստ կարելու գաղափարը ,բոյկոտելե է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը՝ նշելով, որ այդքան էլ կարեւոր հարց չէ դատախազների համազգեստի թեման, քանի որ ՀՀ կառավարությունը մշտապես բողոքում է բյուջեի “ճեղքվածքից”:
-Իսկ Տ. Ուրիխանյանն ինչո՞ւ է վրդովվել… Ցանկացած պահի, երբ ինչ-որ մի հարց է լուծվում, մշտապես հարց է առաջանում, թե ինչու եք այդ հարցն առաջնային համարում: Երկիրն ունի ծրագիր ու այդ ծրագրով շարժվում է առաջ, ոչ մի հապշտապ բան չկա, ամեն ինչ շատ հանգիստ է:
-Բայց, ի վերջո, դա ի՞նչ է տալու դատախազներին:
-Ընդհանրապես դա որոշակի կարգապահություն է մտցնելու համակարգում, կարելի է համազգեստ չունենալ, չկրել: Բայց շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ դա արդյունավետ գործիք է ե՛ւ կարգապահության, ե՛ւ իրենց պարտականությունների կատարման առումով, ու մենք գնում ենք այդ ճանապարհով: Ի դեպ, դա նորություն չէ, դատախազները մշտապես էլ ունեցել են համազգեստներ, այնպես որ, շատ զարմանալ պետք չէ: Ուղղակի չկրելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ իրենց համազգեստը շատ նման էր ռազմական համազգեստին, ու մի ժամանակահատված կար, որ մենք որոշեցինք՝ չի կարող նման լինել եւ պետք է տարբերվի: Իսկ դատախազները, մաքսային մյուս ծառայողները պետք է այլ համազգեստ կրեն:
–Այսինքն՝ Դուք համամի՞տ եք ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն տեսակետին, որ համազգեստն ավելի պատկառելի, զգաստ ու զգոն է դարձնելու դատախազներին: Իսկ մինչ այս նրանք զգոն ու զգա՞ստ չէին:
-Ձեր հարցը հռետորական հարց է, իհարկե ընդհանրապես բոլորը պետք է լինեն զգոն, զգաստ, կոռեկտ, խելոք, ենթարկվեն վարքագծի կանոններին, բայց կան գործոններ, որոնք օգնում են, որպեսզի դա պատշաճ իրականացվի:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծին դեմ է քվեարկել Տ. Ուրիխանյանը, իսկ հանձնաժողովի նախագահ Դ. Հարությունյանը, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը կողմ են քվեարկել մեկ համազգեստ պատվիրելու համար: Իսկ ,Ժառանգությունե խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը եւ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նիստին ներկա չեն եղել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 475 համար