Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ նման կենտրոնի գործունեությունը նոր որակ կհաղորդի Արցախում երիտասարդների շրջանում մտավոր ներուժի զարգացմանը եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման գործընթացին:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայ բարեգործական ընդհանուր միությանը, «Սիմոնյան» հիմնադրամին եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը հայրենանվեր այս նախաձեռնությունն իրականացնելու համար` նշելով, որ դա մեր հանրապետությունում մարդկային կապիտալի զարգացման գործում լավագույն ներդրումներից է:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: