ՊՆ-ի հայտարարությունը` ընտրական գործընթացին բանակի մասնակցության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է ընտրություններին բանակի մասնակցությանը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
“Նախընտրական քարոզչության ամբողջ շրջանում ՀՀ նախագահի թեկնածուների, տարբեր քաղաքական ուժերի եւ կազմակերպությունների կողմից հաճախ հնչում են զինված ուժերում քարոզչության իրականացման, բանակի՝ ընտրության մասնակցությանը վերաբերող տարաբնույթ հարցեր: Հաշվի առնելով բոլոր այդ հարցերը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցնում է քաղաքական բոլոր ուժերին.
ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածի համաձայն` ,Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքոե:
Սահմանադրական այս դրույթն իր արտացոլումն է ստացել մի շարք իրավական ակտերում, որոնցից բխում է, որ զինվորական ստորաբաժանումներում նախընտրական քարոզչության իրականացումն արգելվում է: Խստիվ արգելված է նաեւ զինծառայողների կողմից քարոզչության իրականացումը: Դա պայմանավորված է քաղաքական համակարգում զինվորաքաղաքացիական հարաբերությունների հավասարակշռության խախտման, զինված ուժերի կողմից քաղաքականության վրա բացասական ազդեցության, զինված ուժերի անթույլատրելի քաղաքականացման եւ ազգային անվտանգությանը սպառնացող այլ նմանատիպ երեւույթների հնարավորությունները բացառելու նկատառումներով: Յուրաքանչյուր հրամանատար պարտավոր է գիտակցել, որ զինված ուժերի հայրենիքի անվտանգության ապահովման գերզբաղվածության պայմաններում իրենց անմիջական պարտականությունների հետ չկապված այլ, այդ թվում` օրենքով արգելված ընտրական գործընթացներում զինծառայողների ընդգրկումը կարող է ՀՀ անվտանգությանը սպառնացող անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել:   
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինծառայողը, որպես ՀՀ քաղաքացի կարող է ազատորեն իրացնել իր ընտրական իրավունքը, զինծառայողներն իրենց ազատ կամահայտնությամբ կարող են մասնակցել ընտրություններին եւ քվեարկել իրենց նախընտրած թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին:
ՀՀ օրենսդրությանը հակասող ցանկացած միջամտություն կամ խոչընդոտ՝ ուղղված զինծառայողների ընտրական իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունների սահմանափակմանը, զինված ուժերում քաղաքական կամ նախընտրական քարոզչության իրականացման ցանկացած փորձ կկանխարգելվի, իսկ նման քայլեր ձեռնարկող անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ”:




Լրահոս