Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ բարեգործական ձեռնարկ, հայտնում են ֆուտբոլի ֆեդերացիայից:
«Tecbuy» և «Airpo-Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանը և Գրիգոր Ժաբուրյանը Հենրիխ Մխիթարյանին նվիրեցին իրենց հեղինակած «էրեբունի հավերժ» ոսկյա բացառիկ ինքնահոս գրիչը, որն արտադրվել է իտալական հնագույն գրիչների արտադրող Մոնտեգրապպա (Montegrappa) ընկերության կողմից: Գրիչը թողարկվել է Շվեյցարիայի BaselWorld տոնավաճառում, որը ժամացույցների և ոսկերչական իրերի աշխարհի ամենամեծ տոնավաճառն է:
Գրիչի վրա պատկերված են հայկական խորհրդանիշեր՝ հայոց այբուբենը, նուռ, «Հավերժության անիվը», աղավնի, Զվարթնոցի և Էջմիածնի տաճարները և այլն: Հենրիխ Մխիթարյանն այդ գրիչով ստորագրեց գնդակներ, որոնք կնվիրաբերվեն հանդիսությանը ներկա «Հայկական Կարիտաս» ընկերության 30 շահառու երեխաների Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Երևանից, որոնցից տասը Հայաստանում հանգրվանած սիրիահայ երեխաներ են: