Ինչպես արդեն հայտնի է՝ Կառավարությունը որոշել է փոփոխություն կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ««Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, գույքը` 2 702 469 606 ՀՀ դրամ գնահատված արժեքով, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը: Այս առթիվ կինոոլորտի ներկայացուցիչները տարբեր դիրքորոշումներ են հայտնում, իսկ թեմայի շուրջ կրքերը գնալով թեժանում են:
Դերասանուհի Անահիտ Ղուկասյանը, ով հանդես է եկել «Հայֆիլմ»-ի արտադրած մի շարք հայտնի ֆիլմերում («Աշնան արեւ», «Տերը», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» եւ այլն), «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դրական համարեց այն հանգամանքը, որ «Հայֆիլմ»-ն անցավ պետությանը. «Բայց սա միայն մեկ դեպքում դրական քայլ կլինի. եթե պետությունն իսկապես ուշադրություն դարձնի կինոյին, վերջապես հասկանա հայ ֆիլմի արժեքը: Հույս ունեմ, որ պետությունն իր ձեռքը կվերցնի արվեստի այդ ճյուղի զարգացման գործընթացը, եւ այլեւս չեն նկարահանվի այնպիսի էժանագին ֆիլմեր, ինչպիսիք ստեղծվում են այսօր: Ցավոք, այսօրվա շուկայական հարաբերությունների պայմաններում ամեն բան դառնում է առուծախի առարկա, բայց հայկական ֆիլմի արտադրության վիճակն ավելի վատ, քան հիմա է, կարծում եմ, լինել չի կարող, ուստի հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, մի բան կշտկվի, ինչպես եղավ «Մոսֆիլմ»-ի դեպքում: Պետք է, չէ՞, մի բան լինի, որ այս երկրին պատկանի, թե՞ ամեն ինչ պետք է նվիրենք խալխին»:
Ա. Ղուկասյանի համոզմամբ` եթե «Հայֆիլմ»-ը կրկին սեփականաշնորհվի որեւէ մեկի կողմից, պարտադիր է, որ սեփականատերը ոչ միայն գործարար հատկություններով օժտված լինի, այլեւ գլուխ հանի կինոոլորտից, հասկանա, թե ինչ բան է կինոարվեստը:
Կինոռեժիսոր, սցենարիստ Միքայել Դովլաթյանն էլ, ով ռեժիսոր, դերասան Ֆրունզե Դովլաթյանի որդին է, մեզ հետ զրույցում դրական համարեց այն հանգամանքը, որ «Հայֆիլմ»-ն անցավ պետությանը. «Այն, ինչ կատարվում էր դրանից առաջ, աբսուրդ էր: Հիմա, երբ առաջին քայլն արված է, պետք է ինչ-որ բան դեպի լավը փոխելու համար ծրագիր կազմել: Պետությունը պետք է խելոք լինի, վերահսկի, որ ճիշտ ուժեր գան ասպարեզ եւ ճիշտ ձեւով տնօրինեն «Հայֆիլմը»,-ասաց նա:
Անդրադառնալով «Հայֆիլմը» սեփականաշնորհելու հարցին` ռեժիսորը նկատեց, որ պետությունը կարող է «գարանտ կանգնել», բայց չի կարող հոգալ «Հայֆիլմ»-ի համար պահանջվող ծախսերը:
Աննա Բաբաջանյան