17-ամյա երիտասարդն ընդդեմ երեք եղբայրների. նոր մանրամասներ Բյուրեղավանում տեղի ունեցած դանակահարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը արդեն հայտնել էր, որ այս գիշեր Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ 2 անձանց թափանցող և չթափանցող վնաս պատճառելու դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի 01-ին՝ ժամը 23:20-ին, «Արմենիա ՀԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից Ռ.Ստեփանյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած -ծակած չթափանցող, ձախ հետույքային շրջանի և ձախ ստորին վերջույթի կտրած-ծակած վնասվածքներով, իսկ Ա.Ստեփանյանը՝ որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքով, լյարդի վնասումով, ձախ հետույքային և ձախ ազդրի հետին մակերեսի վերին երրորդականի կտրած-ծակած արյունահոսող վնասվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի 17-ամյա բնակիչը ծեծի է ենթարկել Գ.Ստեփանյանին, որից հետո՝ ժամը 20:30-ի սահմաններում, հիշյալ վիճաբանության շուրջ առաջացած փոխհարաբերությունները պարզաբանելու նպատակով նրան են հանդիպել Գ.Ստեփանյանը և վերջինիս եղբայրներ Ռ. և Ա. Ստեփանյանները:
Տղաների միջև սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում 17-ամյա երիտասարդն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ռ.և Ա.Ստեփանյանների մարմինների տարբեր մասերին, որի արդյունքում վերջիններս դեպքի վայրից հեռացել են և վեճը դադարել է:

Առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 




Լրահոս