«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանը մեկնեց Մոսկվա եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո հայտարարեց, որ Հայաստանը անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը: Մինչ այդ ՀՀ ղեկավարությունը բացառում էր ԵՏՄ-ին միանալու հնարավորությունը՝ մատնանշելով, որ այդ քայլը Հայաստանին ձեռնտու չէ: Սերժ Սարգսյանի՝ մոսկովյան «կապիտուլացիայից» հետո իշխանական քարոզիչները սկսեցին գովերգել ԵՏՄ-ն՝ Հայաստանի համար «ոսկե սարեր» խոստանալով:
ՀՀ ողջ ղեկավար կազմը պնդում էր, որ ԵՏՄ մտնելու արդյունքում մեր տնտեսությունը կշահի, քանի որ անարգել հնարավորություն կունենա ապրանքներ արտահանել Ռուսաստան, Բելառուս եւ Ղազախստան: Սակայն ժամանակն անցավ, եւ պարզ դարձավ, որ ԵՏՄ անդամակցությունը Հայաստանին ոչ մի օգուտ չբերեց, իսկ այդ քայլի վնասները նույնիսկ հաշվել հնարավոր չէ: Այսօր արդեն՝ պաշտոնապես ԵՏՄ անդամ դառնալուց ութ ամիս անց, Հայաստանի տնտեսությունն ուղղակի շնչահեղձ է լինում: Իսկ ողբերգությունն այն է, որ իրավիճակից դուրս գալու ուղիներն առանձնապես չեն նշմարվում: ՀՀ իշխանություններն էլ շարունակում են հասարակությանն ընդամենը սին խոստումներով կերակրել, որի արդյունքում արտագաղթը ոչ միայն չի կանգնում, այլ գնալով ավելի մեծ թափ է հավաքում:
Այս օրը առանցքային է նաեւ այն իմաստով, որ Սերժ Սարգսյանը գիշերով միանձնյա որոշում կայացրեց ու այդ որոշումը փաթաթեց ողջ հասարակության գլխին, եւ եթե այս տրամաբանությամբ շարունակվի ամեն ինչ, նա իր կամքը կթելադրի նաեւ սահմանադրական փոփոխությունների տեսքով՝ անցկացնել տալով նաեւ տխրահռչակ այդ նախագիծը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: