Որ լավ տղա ա, չի նշանակում, որ վատ տղա ա, դե, լավ տղա ա, ի՞նչ անենք, որ լավ տղա ա. Սուրիկ Խաչատրյանը՝ թիկնապահի մասին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտյան լուր տարածվեց, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին նշանակել են Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն։ Մամուլում աղմուկ բարձրանալուց ժամեր անց, սակայն, նրա նշանակումը չեղյալ հայտարարվեց…

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս հարցով մեզ հետ զրույցում իրարամերժ պատասխաններ տվեց՝ ակամա սուտ հանելով դպրոցի տնօրենին, հասցրեց վիրավորել այս եւ իր մասին մեկ այլ ինֆորմացիա հրապարակած լրատվամիջոցին ու լրագրողին։

Պարո՛ն Խաչատրյան, Ձեր թիկնապահին նշանակեցին դպրոցի փոխտնօրեն, հետո նորից ազատեցին, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Ոչ նշանակել են, ոչ էլ ազատել։

– Այսինքն՝ չի՞ նշանակվել փոխտնօրեն։

– Զարզանդը չի նշանակվել, չգիտեմ Ձեզ ով ա ինչ ասել, բայց Զարզանդը փոխտնօրեն չի նշանակվել։

– Բայց դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում հաստատեց, ասաց՝ այո, նույնիսկ գովեց, թե շատ լավ տղա է։

– Որ լավ տղա ա, չի նշանակում, որ վատ տղա ա, դե, լավ տղա ա, ի՞նչ անենք, որ լավ տղա ա, դպրոցի տնօրենն ասի՝ վա՞տ տղա ա… ես ասում եմ, որ չի նշանակվել, հիմա ինձանից հարցնում ես՝ նշանակվե՞լ ա, թե՞ չէ, ես ասում եմ՝ չի նշանակվել։

– Փաստորեն, տնօրենը ճիշտ չի՞ ասել։

– Տնօրենը քեզ հաշվետո՞ւ ա, որ ճիշտ ասի կամ սխալ ասի։ Ինչո՞վ ա հաշվետու Ձեզ, խնդրում եմ՝ հլը ինձ ասա։

– Հաշվետուի հարց չէ այստեղ, բայց մամուլ ենք, զանգում ենք հստակ տեղեկություն իմանալու…

– Բա ինչի՞ մասին ես խոսում, տնօրենը հո ձեզ հաշվետո՞ւ չի։ Դե մամուլ եք, զանգում եք, հիմա, եթե դուք ձեզ թույլ եք տվել մտնեք դպրոցի բաների մեջ, թե դպրոցի տնօրեն ով ա նշանակվել, ով ա ազատվել, տնօրենն էլ կարա ձեզ ոչ ճիշտ պատասխանի։

– Բայց դա, ըստ Ձեզ, էթիկապես ճի՞շտ է, որ ճիշտ ինֆորմացիա չտան։

– Իսկ ճի՞շտ ա, որ մի շաբաթ առաջ գրում էիք, որ քաղաքապետի եմ ծեծել, երբ ընդհանրապես նման բան չի եղել, էդ ճի՞շտ էր, որ գրել էիք։ Ոչ մի անգամ էդ ճիշտը ձեզ չի վերաբերում, հա՞, ուրիշներին ա վերաբերում էդ ճիշտը։ Բա մի անգամ էլ դուք ձեզ ճիշտ պահեցեք, էլի, ոչ թե ուրիշներից էդ ճիշտը պահանջեցեք։

– Էդ նյութը մենք չենք գրել, իհարկե, բայց…

– Դե հիմա, ես գրողին էլ եմ ասել, ասել եմ՝ անողի հերն էլ անիծած, գրողինն էլ։ Հիմա դա ի՞նչ ա նշանակում, սուտ, սուտ, էդ կարգի՞ սուտ։

– Բայց Ձեր կարծիքով դա հիմք է տալիս, որ տնօրե՞նն էլ խաբի լրատվամիջոցներին։

– Դե, եթե լրատվամիջոցներն իրանց տենց են պահում, տնօրենն էլ արդեն իրա գործը գիտի։

– Մի խոսքով՝ Դուք պնդում եք, որ Զարզանդը ոչ նշանակվել է, ոչ ազատվե՞լ։

– Էդպիսի բան չի եղել, ոչ էլ էդպիսի հրաման ա եղել, ընդհանրապես էդպիսի հրաման չի եղել, դա կարող ա ցանկություն, որպես էդպիսին, եղել ա, որովհետեւ Զարզանդն իսկապես… նա հինգ տարվա մանկավարժական ստաժ էլ ունի, կոլեկտիվում էլ իրեն դրսեւորելու ձեւ էլ գիտի, չափորոշիչները Դուք ինձ ասեք, տեսնեմ՝ ի՞նչ չափորոշիչներ են, որ… խի Զարզանդն էդ իրավունքը չունի՞, հա՞, մենակ ինձ էդ ասեք՝ խի՞ Զարզանդն էդ իրավունքը չունի։

– Բոլորն էլ իրավունք ունեն, պարզապես Զարզանդի անունը կապվում է ավելի շատ ծեծի ու նման երեւույթների հետ։

– Տղամարդ տղա ա, էլի, կարող ա մեկին էլ ծեծի, էլի, ի՞նչ կա դրա մեջ։

– Այդ ձեւո՞վ սերունդ դաստիարակի՝ ծեծելով։

– Խի, ուրեմն… դու Սյունիքի դպրոցների մասին երեւի տեղյակ չես, էստեղ սերունդներին չեն ծեծում, էստեղ բոլորը սյունեցի են, նրանց պետք ա հայրենասեր առաջնորդ, որ իրենք էլ հետները… Ուրեմն կարելի ա պատերազմական ժամանակներում թույլատրել, որ Զարզանդը հինգ տարի զինղեկ աշխատի, զինվոր դաստիարակի, էսօր դպրոցում չենք ուզում Զարզանդին վստահենք։

– Ի վերջո, ցանկություն, նման փորձ եղե՞լ է փոխտնօրեն նշանակվելու։

– Նման առաջարկ էլ ա եղել կոլեկտիվի, տնօրենի կողմից, որ էս մարդն իսկապես արժանի ա, էս մարդուն կարելի ա դնել փոխտնօրեն։

– Իսկ հետո ինչո՞ւ չեն նշանակել։

– Դե, հետո չեն նշանակել, որովհետեւ ես էստեղ չեմ եղել, ինձանից չեն հարցրել, ես էսօր եկել եմ, ասել եմ, որ չեք նշանակում։

– Իսկ այն, որ մամուլում աղմուկ բարձրացավ այս թեմայով, գուցե դա՞ է զսպող հանգամանք հանդիսացել, որ չնշանակեն։

– Չէ, է, չէ, որ մամուլում աղմուկը հաշվի առնենք, Հայաստանի կեսը պետք է Հայաստանից գնա։

– Ամեն դեպքում՝ հրամանով նշանակում չի՞ եղել։

– Չի եղել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս