ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին: Հանդիպման ընթացքում քննարկվել է կրթության և գիտության ոլորտում հայ-իսրայելական համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Նախարարը նշել է, որ կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը հիմնականում միջբուհական հարթությունում է:
Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանրապետության ավագ դպրոցներում կիրականացվեն բաց դասեր` նվիրված Մեծ Եղեռնի, Հոլոքոստի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանություններին: Նախարարն ընդգծել է, որ ինքը ևս կվարի բաց դաս, որի ընթացքում կանդրադառնա նաև Հոլոքոստին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությանը, որը, ըստ նախարարի, վերջին շրջանում համալրվել է ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ վավերագրություններով ու փաստաթղթերով:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գիտահետազոտական ոլորտում համագործակցության ընդլայնումը: Նախարարը, մասնավորապես, նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության զարգացման հարցերով:
Հանդիպման ավարտին անդադարձ է եղել նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում իրականացվող “Կայուն դպրոցական սնունդ” ծրագրին, ինչպես նաև նոր նախագծեր իրականացնելու հնարավորությանը: