Իրավաբան Էֆրիկ Ավետիսյանը ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին ուղղված նամակում գրում է. «Հարգելի պարոն Հարությունյան, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ժամանակին մեր պետական այրերի թույլ տված մի, մեղմ ասած, բացթողման թե վրիպման վրա։ Հակված եմ այն այդպես կոչել, քանզի ծանր կլիներ հավատալ, որ մեր պետական այրերը միտումնավոր կերպով, առանց ժողովրդի կամքը հարցնելու, ինքնակամ հայոց զինանշանից դեն նետեցին Արարատ լեռան բնապատկերը։ Բոլորիս էլ լավ հայտնի ու հասկանալի է, որ Արարատ լեռն իր անվամբ, իր տեսքով հայերիս համար խորհրդանշական նշանակություն ունի եւ բազում ազգային խորհրդանիշերից բացի մեզ իր տեսքով հիշեցնում է նաեւ Արեւմտյան Հայաստանն ու ասոցացվում այնտեղ տեղի ունեցածի՝ հայրենազրկման ու արյունոտ բռնագաղթի հետ։ Սա հենց այն է, որի մասին ասում ենք. «Հիշում ենք ու պահանջում»։
Այժմ հետեւյալի մասին։ ՀՀ սահմանադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է. «ՀՀ զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված է Արարատ լեռը»։ Բայց այդպե՞ս է որ, արդյոք մեր զինանշանի վրա կա՞ Մասիսի պատշաճ պատկերը։ Ամեն մեկս ձեռքը վերցնելով զինանշանը՝ կարող է համոզվել պարզագույն եւ բացահայտ ճշմարտության մեջ։ Այն է՝ զինանշանի արտաքին տեսքը ո՛չ մեզ, ո՛չ էլ մանավանդ օտարներին ոչնչով չի հիշեցնում Արեւմտյան Հայաստանի մասին։ Այս դեպքում է ասվում. «Անունը կա, ամանում չկա»։
Հարգելի պարոն Հարությունյան, ի՞նչ է սա, անփութությո՞ւն, թե՞ պարզ ստախոսություն, որն այլ բան չէ, քան ստորություն, իսկ եթե դա արվում է պետական մակարդակով, չենք երկնչի այն կոչել խաբեություն պետության կողմից։ Իսկ գուցե մեր նկարիչներն իրենք ճիշտ չեն վերարտադրել Արարատի պատկերը։ Այդ դեպքում սխալն ուղղելու ճիշտ ժամանակն է։ Այսօր, երբ ընթանում են սահմանադրական փոփոխությունների լայնածավալ քննարկումներ, պատշաճ կլիներ փոփոխություններ կատարել նաեւ զինանշանում՝ դրան վերադարձնելով երբեմնի տեսքը՝ երկու Մասիսների բնական պատկերով։
Վստահ եմ, որ իմ առաջարկ-դիտողությունը, որին, ի դեպ, բազմիցս արձագանքել է նաեւ մեր մամուլը, կարժանանա ուշադրության եւ իրապես կարտացոլվի բարեփոխված Սահմանադրության մեջ։
Եթե, այնուամենայնիվ, նպատակահարմար չհամարեք Արարատի բնապատկերը վերադարձնել իր նախկին տեղը, ապա բարոյական կլինի Սահմանադրությունից դեն նետել վերոնշյալ սահմանումը՝ «ՀՀ զինանշանի կենտրոնում (իբր) վահանի վրա պատկերված է Արարատ լեռը»։ Բարոյական չէ ժողովրդին ծաղրել, քանի որ իրեն հարգող որեւէ հայորդի, ինչպես նաեւ Դուք եւ հանձնաժողովի անդամները զինանշանում չեն կարող տեսնել Արարատի բնապատկերը, որպեսզի մեր սերունդը Արեւմտյան Հայաստանը ծովից ծով Հայաստանի բախտին չարժանացնի»։