Այս պահին սահմանամերձ գյուղերում հարաբերական անդորր է: Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում նշեցին մի քանի սահմանամերձ համայնքների ղեկավարներ, երեկվա հետ համամետած` այսօր իրավիճակը բավականին հանգիստ է:
Չինարիի համայնքապետ Անդրանիկ Սաղոյանը հայտնեց, որ այսօր ամեն բան լուրջ է, ուստի` պետք է ընդունել, որ կա ազգային անվտանգության խնդիր. «Մենք ունենք ուժեղ բանակ, սահմանն անձեռնմխելի է, ժողովուրդն էլ ամուր կանգնած է իր հողին: Մեր սահմաններն անառիկ են: Մենք պայքարում ենք, շարունակում ենք ապրել ու արարել: Փառք Աստծո: Սահամնի մարդը երբեք չի ընկճվում»:
Իսկ սահմանամերձ Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանն էլ հայտնեց, որ իրենց մոտ հարաբերական անդորր է. «Մենք հանգիստ անում ենք մեր գործը: Մանկապարտեզներն էլ, դպրոցներն էլ հանգիստ գործում են: Երեկ էր լարված, այս պահին հանգիստ է»:
Հիշեցնենք, որ երեկ նշված երկու գյուղերում իրավիճակը տևական ժամանակ լարված է եղել: Հակառակորդի կրակոցներից տուժել են քաղաքացիական բնակիչներ: Թե նյութական ինչ վնասներ են կրել գյուղացիները, մեր զրուցակիցները դժվարացան պատասխանել` նշելով, որ այս պահին դեռևս ստուգումներ և հաշվարկներ չեն արվում:
Armlur.am-ի հարցին` մարզպետ Հովիկ Աբովյանը այցելե՞լ է արդյոք գյուղեր, Չինարիի համայնքապետը պատասխանեց, որ ներկա իրավիճակում նման հարցեր բարձրացնելը տեղին չէ և հորդորեց այդ հարցով մարզպետին դիմել: Սակայն, ցավոք, մարզպետ Հովիկ Աբովյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Իսկ Այգեպար համայնքի ղեկավարը հայտնեց, որ մարզպետարանից ներկայացուցիչներ ժամանել են գյուղ, իսկ ինչ վերաբերում է մարզպետին, ապա նա. «զբաղված է այս պահին. ֆիզիկապես էլ հնարավոր չէ բոլոր գյուղերում լինել»,- պարզաբանեց Անդրանիկ Այդինյանը: