ՈՒՇԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեկ Սերժ Սարգսյանն իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել` ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անձնական անվտանգության, ինչպես նաեւ ընտրություններին նրանց լիարժեք եւ իրավահավասար մասնակցության ապահովման խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում ԱԱԾ տնօրենը տեղեկություններ է ներկայացրել Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ: ԱԱԾ տնօրենը նշել է, որ հանցագործության բացահայտման առումով արդեն առկա են որոշակի արդյունքներ, որոնք թույլ են տալիս հստակ քայլեր իրականացնել գործի բոլոր էական հանգամանքների հետագա պարզաբանման համար: Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել նշված գործով իրավապահ մարմինների կատարած աշխատանքի կապակցությամբ:
ԱՅՑԵԼԵԼ Է
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ այցելել է հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին ու առաջարկել նրան գնալ հիվանդանոց՝ հետազոտության. «Սկսած 20-րդ օրվանից՝ օրգանիզմում կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ, պարտավոր ենք ուսումնասիրել նրա առողջական վիճակը եւ թեկնածուին տեղյակ պահել՝ հնարավոր բարդացումների ժամանակ ինչ միջամտություններ կարող են լինել»: Նախարարը նշել է, որ Ղուկասյանը խոստացել է այսօր նշել այն կլինիկան, որտեղ պատրաստ է գնալ հետազոտության: Նա հավելել է, որ եթե թեկնածուի կյանքին վտանգ սպառնա, ապա նա կհոսպիտալացվի:
ԽՆԱՅԵԼ ՈՒԺԵՐԸ
Արդեն 19 օր հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը որոշել է խնայել իր ուժերը: Նախագահի թեկնածուն հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին եւ պատասխանում է միայն ընտանիքի անդամների հեռախոսազանգերին: Նրան այդպիսի խորհուրդ է տվել նաեւ անձնական բժիշկը: Նախագահի թեկնածուի վրանի մոտ բժշկական շուրջօրյա հերթապահություն է սահմանված:
ԱՅԴ ԽԱՉԻԿՅԱՆԸ ՆԱ Է
Դատախազության տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանն իր կողմից ղեկավարված ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ 2006-2010թթ. ընթացքում հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի` առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր` 260.956.681 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, պարզվել է նաեւ, որ Վ. Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:
ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Վերջին շրջանում լրատվամիջոցներով կրկին ակտիվացել են ՍԴՀԿ-ից վտարված Լյուդմիլա Սարգսյանն ու նրա մի քանի կողմնակիցները, ովքեր հրապարակայնորեն քննարկում են, թե արդյոք իրենք կմիանան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հիմնադրվելիք կուսակցությանը, թե ոչ: Այս առթիվ ՍԴՀԿ-ն եւս մեկ անգամ հայտարարում է. ՍԴՀԿ-ի անունից ներկայացող Լյուդմիլա Սարգսյանը եւ նրա մի քանի արբանյակները վաղուց հեռացված են կուսակցությունից: Այդ որոշումը հաստատված է նաեւ ՍԴՀԿ Հայաստանի վարչության համագումարով»: Հայտարարությունում նաեւ նշված է, որ ՍԴՀԿ-ն սատարում է Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը: