Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը հերթական աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթամշակութային օջախներում:
Վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի և համապատասխան ոլորտների պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետի խորհրդականը ծանոթացել է շրջանում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015 թ. քաղաքապետարանի ծրագրերով հիմնանորոգվող «Մալաթիա» արվեստի դպրոց, գրադարան, թիվ 96 մանկապարտեզ և «Սեբաստիա» մշակույթի տուն: Այս հաստատություններում հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են:
«Մալաթիա» արվեստի դպրոցում փոխվել են հատակի ծածկը, դռներն ու պատուհանները, հիմնանորոգվել են սանհանգույցներ, կառուցվել է թեքահարթակ: Հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ` գրադարանում վերակառուցվել է ընթերցասրահի բեմը: Թիվ 96 մանկապարտեզում նորոգվել է տանիքը, տեղադրվել են նոր դռներ և պատուհաններ, հիմնանորոգվել են խոհանոցն ու սանհանգույցը:
Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո տրվել են համապատասխան հանձնարարականներ: