Ինչպես հայտնի է` արդեն տևական ժամանակ է` սահմանին լարված վիճակ է: Հակառակորդը կրակի տակ է պահում սահմանամերձ գյուղերը, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են վիրավորվում:
Armlur.am-ը կապ հաստատեց սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ` իմանալու համար ինչ վնասներ են կրել գյուղացիները կրակահերթի հետևանքով: Սահմանամերձ Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը մեզ հայտնեց, որ այս պահի դրությամբ դեռևս հայտնի չեն վնասի չափերը: Ավելի ստույգ կարելի է իմանալ համապատասխան փորձագետների ուսումնասիրություններից հետո: Միաժամանակ մեր զրուցակիցը նկատեց, որ հիմանականում վնասվել են տների պատուհանները, դրանց շրջանակներն ու ապակիները, տանիքներ. «Գնդակները հիմնականում դիպել են տներին»,- հավելեց Ֆելիքս Մելիքյանը:
Բարեկամավանի համայնքապետը ևս հայտնեց, որ դեռևս հստակ չեն վնասի չափերը. «Վնասներն էական չեն, բարեբախտաբար: Մի քանի տների տանիքներ են վնասվել, դրանք էլ կհաշվենք, կիմանանք` ինչքան են կազմել»:
Բաղանիս համայնքում ևս, բարեբախտաբար, վնասները միայն նյութական են եղել: Համայնքի ղեկավարը կրակոցներից հետո տիրող վիճակը հաստատող լուսանկարներ է հրապարակել: Այստեղ ևս դեռևս հայտնի չեն վնասի չափերը:
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ ամենաշատ կրակոցները, ըստ նախնական տեղեկությունների, արձակվել են նշված երկու գյուղերի ուղղությամբ: Կոթի համայնքում գնդակները դիպել են մոր ու որդու, ովքեր այս պահին բժիշկների հսկողության տակ են գտնվում: