«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը չի ցանկանում եթեր հեռարձակել ամիսներ առաջ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի մասին նկարահանված հաղորդում-ֆիլմը: Ըստ մեր տեղեկությունների՝ հեռուստաընկերությունում պատճառաբանում են, թե իբր տեսանյութը լուրջ «խոտաններ» ունի, ինչի պատճառով հնարավոր չէ այն եթեր հեռարձակել:
Որպես խոտան ներկայացվում է տեխնիկական ինչ-որ թերություն, որը իրականում ցանկության դեպքում շատ արագ եւ հեշտությամբ հնարավոր է շտկել: Սակայն «Հ1»-ում ծրագրերն այլ են, այստեղ արդեն իսկ պատրաստում են հաջորդ պաշտոնյայի մասին հաղորդում-ֆիլմը: Հերթում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է: Նախատեսվում է, որ Կ. Անդրեասյանի մասին պատրաստվող ֆիլմը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մասին եւս համանման հաղորդում-ֆիլմ է պատրաստվում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հաղորդման վարող Էրիկ Անթառանյանից պարզել Հովհաննես Մանուկյանի մասին նկարահանված ֆիլմի ճակատագիրը: Սակայն Անթառանյանն ասաց, որ ինքը չի կարող ասել, թե ինչու այդ ֆիլմը չի հեռարձակվելու: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Ջաղինյանն էլ ասաց, թե ինքն Արցախում է, իսկ հեռուստաընկերությունից էլ առաջարկեցին հարցերը գրավոր ուղղել: