Երկու տարի առաջ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը: Ինչպես հայտնի է, Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցեց նաև մեր հանրապետության անվտանգությունն ապահովելու համար:
Սակայն, ուշագրավն այն է, որ ԵՏՄ կազմի մեջ մտնելուց հետո էլ Հայաստանի սահմաններում առկա լարվածությունը չի դադարում: Ավելին, ադրբեջանական զինուժը ավելի մեծ թափով է իր ագրեսիան ցուցաբերում ՀՀ և ԼՂ սահմաններում:
Այստեղից հարց է առաջանում՝ ԵՏՄ անդամակցումն արդյոք ապահովո՞ւմ է Հայաստանի անվտանգությունը: Այս հարցի պատասխանը Armlur.am-ը փորձեց ստանալ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանից:
-Պարոն Շիրխանյան, արդեն երկու տարի է՝ Հայաստանը մտել է ԵՏՄ կազմի մեջ: ՀՀ ողջ ղեկավար կազմը պնդում էր, որ ԵՏՄ-ին անդամակցելն անվտանգության երաշխիքներ է տալու: Սակայն, այժմ ՀՀ սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից շարունակվում են կրակոցներն ու գնդակոծությունները: Ըստ Ձեզ, ինչո՞ւ Ռուսաստանը քայլեր չի անում մեր անվտանգությունն ապահովելու համար:
-Ինչու է ձեզ թվում՝ եթե մտել ենք ԵՏՄ կազմի մեջ, ապա սահմանին գնդակոծությունները, կրակոցները պետք է դադարեին և դրա պատասխանատուն պետք է լինի Ռուսաստանը: Ինչո՞ւ Իսրայելը մինչև հիմա պատերազմի մեջ է և երաշխավորը Միացյալ Նահանգներն է, բայց մինչև հիմա շարունակվում է արյունահեղությունը, կոտորածները և նրանք չեն ասում Ամերիկա, արի’ պատասխան տուր: Ի՞նչ է նշանակում ՝ Ռուսաստանը ԵՏՄ է՝պետք է մեր անվտանգությունն ապահովի և մեր կրակոցներն դադարեն: Դա սխալ մոտեցում է:
– ՀՀ իշխանությունը հայտարարել էր, որ ԵՏՄ կազմի մեջ մտնելն արվում է անվտանգության երաշխիքների համար:
-Իշխանություններն հայտարարել էին, որ ԵՏՄ-ի մասնակցությունն զգալիորեն կբարձրացնի մեր անվտանգության ապահովության աստիճանը: Անվտանգության ապահովում նշանակում է՝ այլ բան, ոչ թե սահմաններին կրակոցների բացակայություն, այլ` այլ բան:
-Ի՞նչ նկատի ունեք այլ բան ասելով:
Մենք պետք է ճիշտ ներկայացնենք իրական պատկերը՝ ինչու են դրանք լինում, ովքեր են դրանց մեղավորները, ինչպես պատժել և ինչպես կանխել՝բացարձակապես հղում և հույս չդնելով Ռուսաստանի կամ մեկ այլ պետության վրա: Մենք ունենք հարևան, որի հետ կնքել ենք զինադադարի պայմանագիր, որը խոստումներ է տվել ամենաբարձր մակարդակով աշխարհի խոշորագույն երկրների ղեկավարների առաջ, որ խնդրի կարգավորումը քաղաքական է լինելու, բայց շարունակաբար խախտում է իր խոստումը և իրականացնում է Հայաստանի հանդեպ ահաբեկչական գործողություններ, որի նպատակն է սարսափեցնել սահմանների պաշտպաններին, հայ ժողովրդին և միջազգային կառույցներին: Գլխավոր ահաբեկիչը երկրի նախագահն է՝ Ալիևը: Բախտավոր կլինեինք, եթե աշխարհում լիներ մի հատ անկողմնակալ, արդար միջազգային դատական ատյան և այդ մարդուն դատեին, որպես շարունակական ահաբեկչություններ իրականացրած ահաբեկիչ:
– Պարոն Շիրխանյան, Հայկական կողմը ի՞նչ քայլեր պետք է անի:
-Հայաստանի և հայության խնդիրը համախմբումն է և միասնական ճակատ կազմելը, բանակին թիկունք լինելը: Աջ ու ձախ վատնումները, խրախճանքներև դադարեցնելն է և այդ ամենով բանակի կարիքները, ռազմական անվտանգությունն ամրապնդելն է: Սա է մեր խնդիրը:
Արփինե Թովմասյան